Մնացականյանը՝ բանակցային գործընթացի և Լավրովի հետ հեռախոսազրույցների բովանդակության մասին

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով  ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին՝ տեղեկացրեց.

«Համավարակի շրջանում մենք ունեցանք մեկ վիդեոկոնֆերանս երկու նախարարների և համանախագահների մասնակցությամբ, և դրանից բացի՝ մենք ուղղակի մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ: Մեր արդեն առարկայական աշխատանքները շարունակելու համար, բնականաբար, մեզ անհրաժեշտ է համբերատար սպասել, հասնել այն պայմաններին, երբ որ հնարավոր կլինի շարունակել մեր կանոնավոր աշխատանքները:

Առավել ևս՝ ներկայիս պայմաններում հիմնական կարևոր գերակայությունը պահպանելն է այն միջավայրը, որը չի խոչընդոտի մեր աշխատանքների շարունակությանը:

Հարցը վերաբերում է առաջին հերթին որևէ ռիսկերի էսկալացիայի բացառմանը,  սա ամենակարևորն է»:

Հարցին, թե՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո փորձե՞լ եք նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում ինչ-որ հստակեցումներ մտցնել, նախարարը պատասխանեց.

«ՌԴ արտգործնախարարի հետ մենք ունեցել ենք առնվազն երեք հեռախոսազրույց, որը հրապարակվել է:  Միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը դիվանագիտական գերատեսչությունների միջև:

Մեզ մոտ օրակարգն այնքան լայն է, և մենք այնքան բան ունենք խոսելու՝ և նախարարների, և գերատեսչությունների մակարդակով, որովհետև ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ:

Մենք արտաքին գործերի գերատեսչությունների մակարդակով ունենք մեր ծավալն այդ մասում, որովհետև այդ ծավալը վերաբերում է բոլոր ուղղություններին, և Կառավարության իմ մյուս գործընկերները նույնպես ունեն բավական մեծ հատված աշխատանքի այդ հարաբերություններում: Ունենք համագործակցության բավականին մեծ ծավալ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում»:

Նա հիշեցրեց նաև՝ այդ հեռախոսազրույցները տեղի էին ունենում այն շրջանում, երբ վիդեոհեռակապի միջոցով անցկացնում էին նախարարական հանդիպումներ. «Մենք ունենք բազմաթիվ ծրագրավորված գործառույթներ՝ այդ շրջանակներում իրականացնելու, նաև միջազգային այլ հարթակներում միասնական դիրքորոշում արտահայտելու:

Այսինքն՝ այնքան հարց ունեինք քննարկելու, որ այդ ընկալումը, որ եղել է, ասենք թե, մի զարգացում, որը հասարակության ուշադրությունն է գրավել, և մեր զրույցը միայն ու միայն դրա մասին է եղել, դա սխալ ընկալում է, որովհետև մեր զրույցը երկխոսություն է, բավական ծավալուն է, շատ կանոնավոր է, որ ցանկացած պահի չի բացառվում, որ մենք նորից կարիք ունենանք խոսելու, համադրելու, միմյանց տարբեր հարցեր բացատրելու, որոնք վերաբերում են մեր երկկողմ օրակարգին, կամ այն օրակարգին, որը մենք միասին իրականացնում կամ առնչվում ենք տարբեր այլ հարթակներում՝ ՄԱԿ-ից մինչև տարածաշրջանային եվրոպական համակարգեր»:

Տեսանյութեր

Լրահոս