«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի հաջորդ լիագումար նիստերի օրակարգում
Այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծին: Օրինագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը նշեց, որ մինչև այս պահը նախագծում հարյուրավոր փոփոխություններ են կատարվել, և պարզաբանեց, թե որն է այս օրենքի նպատակը:
«Մենք ակնկալում ենք, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակողների, նաև հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակը պետք է բարձրանա, իրավական բարենպաստ և հեռանկարային դաշտ ենք ստեղծել, կանոններն ավելի հստակ են սահմանված, ես կարծում եմ, քան գործող օրենքում է։ Մեդիաոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում ենք ակնկալում, բարձորակ լրագրություն, մեդիագրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիայի ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիաարտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում»,- ասաց Թևոսյանը:
Չնայած նախագիծը դրական եզրակացություն ստացավ, բայց հանձնաժողովի անդամներն ունեին մի շարք դիտարկումներ ու հարցեր, որոնք, իրենց կարծիքով, ենթակա են փոփոխման: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձավ օրինագծի քաղաքական կոմպոնենտին:
«Գաղտնիք չէ, որ մեր հեռուստաընկերություններից շատերը սպասարկում են կոնկրետ քաղաքական շահ, կոնկրետ կուսակցությունների, կոնկրետ մարդկանց, և դրանով պայմանավորված՝ տարածում են ապատեղեկատվություն ամենօրյա ռեժիմով, գցելով հանրությանը մոլորությունների մեջ, իրենք չեն սպասարկում հանրային շահը: Ենթադրենք՝ մենք սահմանափակումներ ենք դնում, այդ մարդիկ ստեղծում են X տնտեսվարողներ այլ մարդկանց անվան տակ, և այդ տնտեսվարողները ֆինանսական միջոցներ են հատկացնում տվյալ հեռուստաընկերությանը, և գումարն ուղղակի այս ճանապարհով չի գալիս, այլ այն ճանապարհով է գալիս, ինչպե՞ս ենք դա վերահսկելու»,- հարցրեց Հովհաննիսյանը:
Վահագն Թևոսյանը պատասխանեց, որ քաղաքական շահ սպասարկելը, ըստ էության, վատ բան չէ, եթե դա արվում է գոյություն ունեցող էթիկական և իրավական նորմերի շրջանակում՝ եթե մեդիան ապատեղեկատվություն չի տրամադրում, մեկի մասին խոսք լինելու դեպքում էլ նրան հնարավորություն է ընձեռում պատասխանելու, եթե տեղեկացնում են, որ իրենց աղբյուրները ճշտված չեն, եթե հերքում պահանջելու դեպքում անում են դա: Նրա խոսքով՝ զրպարտության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածման դեպքերում դրանով պետք է զբաղվեն իրավասու կառույցները:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է սահմանվելու վատ կամ լավ բովանդակությունը եթերում: Նա նկատեց, որ հստակ սահմանումներ օրինագծում չկան:
«Ասում եք, որ եթերի որակի փոփոխության ուղղությամբ ռադիկալ փոփոխություններ չեն նախատեսվում, շեշտադրում եք անում, որ ոչ թե պետք է սահմանեք՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով թողարկվող բովանդակությունը որն է որակյալ կամ ոչ որակյալ, այլ փորձելու եք մեր պատկերացումներով և շատ սուբյեկտիվ պատկերացումներով որակյալ բովանդակությունը խթանել, որ վատը դուրս գա: Որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով կարողանալու ենք սահմանել վատ և լավ բովանդակությունը՝ խուսափելով գրաքննությունից, ինչը լուրջ քննարկման առիթ է տալիս»,- ասաց Կոստանյանը:
Վահագն Թևոսյանը պատասխանեց.
«Դա հանրային շահի և միջազգային պարտավորությունների հանրագումարում ձևավորված պետական քաղաքականությունն է, դա սուբյեկտիվ է, բնականաբար, ցանկացած քաղաքականություն սուբյեկտիվ է, այդ պահին գործող իշխանության քաղաքականությունն է, որը պետք է բխի հանրային շահից և միջազգային պարտավորություններից»:
Աննա Կոստանյանը մտավախություն հայտնեց, որ հստակ սահմանումներ չունենալու դեպքում չենք կարողանալու խուսափել վատ բովանդակության գերակշռումից՝ հատկապես հանրային հեռուստաընկերությունների եթերում: Հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ևս հետաքրքրում էր օրինագծի բովանդակային մասը:
«Ես բացեցի նախկին, եղած օրենքը, նախկինում ավելի հստակ գրված է, թե ինչ չպետք է լինի, ինչեր չի կարելի, նոր օրենքում ընդհանուր բովանդակային առումով այդպես է, բայց մի քիչ լղոզված է գրված այդ հատվածը, կարելի է մանիպուլյացիաներ անել: Բացի հոդված 9-ից որտե՞ղ է կրկին խոսվում, ու, ենթադրենք, եթե ցուցադրեն բռնության պատկերներ, քարոզչություն, ատելության խոսք, ի՞նչ է հետևում, որովհետև մինչ օրս գիտեինք, որ մինչև 500 հազար կամ մինչև մեկ միլիոն դրամի տուգանքներ են, ինչից հետո շարունակում են անել այն, ինչ արել են: Արդյո՞ք մենք ունենք քայլեր, որ դա չարվի, քրեականացվի այս պահը, խիստ մոտենանք հարցին, որ բռնության քարոզը չլինի մասսայական, ատելության խոսքը չլինի մասսաայական»,- հարցրեց Հովսեփյանը:
Վահագն Թևոսյանի խոսքով՝ ոչ թե կոնկրետ այս օրենքը պետք է սահմանի, թե ինչն է քրեական, ինչն է պատժի ենթակա, այլ դրանք պետք է կարգավորվեն այլ օրենքներով, իսկ այս օրենքով կարգավորող մարմնին հնարավորություն է տրվում, որ խախտումներ նկատելու դեպքում դիմի համապատասխան մարմիններին: Սոֆյա Հովսեփյանն առաջարկեց մանկապատանեկան հաղորդումներ ցույց տալը դարձնել պարտադիր նաև մասնավոր հեռուստաընկերությունների համար, ինչին Թևոսյանն այսպես արձագանքեց.
«Պետությունը չի կարող պարտադրել, կարող է տնտեսվարողների հետ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, եթերաժամ գնելու, սեփական հաղորդումները տրամադրելու շրջանակում դա կիրառել: Հանրային հեռարձակողի պարագայում այդ հաղորդումների համար 30 տոկոս եթերաժամանակ է սահմանված է: Բայց մասնավորին պարտադրել, ասել, որ քո հաշվին պետք է անես, ազնիվ չէ»:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ պատրաստ են քննարկել բոլոր հարցերն առաջին ընթերցումից հետո: Վահագն Թևոսյանը հիշեցրեց, որ հուլիսի վերջին տեղի է ունենալու հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռարձակողների լիցենզիաների մրցույթ, որը պետք է արվի նոր օրենքով, հակառակ դեպքում 10 տարի ոչինչ փոխել հնարավոր չի լինի, քանի որ լիցենզիան տրամադրվում է 10 տարի ժամկետով: