Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետը՝ ձկնագողության և Սևանա լճի «կանաչելու» վտանգների մասին

«Երբ ես նշանակվեցի մարզպետ, մարզի ընդամենը 26 համայնքում կար  կենտրոնացված աղբահանություն, հիմա 41 համայնքում կա կենտրոնացված աղբահանություն։

Այսինքն՝ մենք հստակ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, որովհետև համարել ենք, որ մարզի մի շարք համայնքներից գետերի միջոցով կարող է որոշակի աղբ հասնել Սևանա լիճ, և եթե ընդհանուր նայենք, համայնքներ կան, որտեղ մասնակի է իրականացվում, մարզում այս պահին միայն 6 փոքր լեռնային համայնքներ կան, որտեղ չկա աղբահանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ Կոտայք-Գեղարքունիք աղբահանության ծրագիր կա, որը նախատեսում է աղբավայրի կառուցում:

Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կիրականացվի հաջորդ տարի:

Անդրադառնալով ձկնագողության դեպքերին՝ մարզպետը հայտնեց. «Մենք ոչ թե ընդհանրապես պետք է արգելենք ձկան որսը, այլ այդ ձկան որսը պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին, և մենք կարողանանք Սևանում մշտապես որոշակի քանակի՝ հատկապես ռազմավարակի քանակի ձուկ ունենալ:

Մենք ունենք համայնքներ, որոնք ավանդաբար զբաղվում են ձկնորսությամբ։ Այն կարծիքին եմ, որ, այո, այդ մարդիկ կարող են շարունակել զբաղվել ձկնորսությամբ։ Բայց քանի որ այդ լճում գտնվող ձկնապաշարները պետական ռեսուրս են և բոլորիս ռեսուրսն են, ուստի պետությունը պետք է հստակ խաղի կանոններ դնի։

Խաղի կանոնները, եթե պարզ ասեմ, երկուսն են՝ երբ բռնել և ինչ չափի ձուկ։ Հստակ պետք է դրվի, թե ցանցերի ինչ չափերով պետք է ձուկ որսալ և երբ, որպեսզի ձվադրման շրջանում ձկնորսություն չունենանք։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ մեզ դա դեռ չի հաջողվել, և այս պահին ունենք տարբեր պատճառներով մանրաձկան որս»։

Հարցին՝ ո՞վ է թերացողը, ո՞վ է պատասխանատուն, մարզպետը պատասխանեց. «Բոլորս, գուցե ես։ Սևանա լճի հետ կապված խնդիրների Առաջին պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, Բնապահպանական խնդիրների, իրավական որոշակի խախտումների և այլնի գլխավոր արձանագրողը Բնապահպանական տեսչությունն է, պատժողը՝ իրավապահ համակարգը»։

Խոսելով Սևանին սպառնացող մեկ այլ խնդրի՝ Սևանի «կանաչելու» մասին, Գ. Սանոսյանն ասաց. «Կապտականաչ ջրիմուռների աճը իսկապես լրջագույն խնդիր է, երկար տարիներով կուտակված խնդիր, և, ցավոք սրտի, հիմա այնպիսի վիճակում է, որ մենք չենք կարող ասել, որ այդ խնդիրը, ենթադրենք՝ 2020թ. կլուծենք՝ 2021-ին չենք ունենա»:

Նա հավելեց՝ խնդիրն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ, մարդածին և բնածին պատճառներ.

«Իմ պատկերացմամբ՝ դրա գլխավոր ու առաջնային քայլն ափամերձ անտառաշերտը մաքրելն է, որը հայտնվել է կամ հայտնվելու է ջրի մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս