«Պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը կարևոր ինստիտուտ է, բայց բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է իրականացնում վերահսկողություն». ՄԻՊ

«Յուրաքանչյուր դեպքով մենք կատարում ենք կոնկրետ աշխատանք»,- այսպես արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝  վերջին օրերին ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող ուժի տարբեր դրվագների մասին լրագրողի հարցին ի պատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնեց. «Ոստիկանության իրավասությունն է կամ ցանկացած իրավապահ մարմնի՝ իր գործառույթը կատարելու համար, եթե օրենքով նախատեսված հիմքերը կան, նաև ֆիզիկական ուժ գործադրել և այլն, բայց շատ կարևոր է շեշտադրումներն անել համաչափության վրա:

Այո, իրավախախտում կատարած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը պետք է լինի համաչափ»:

Նա անդրադարձավ նաև օրեր առաջ ոստիկանության նախկին աշխատակից Սայաթ Շիրինյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց.

«Պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը կարևոր ինստիտուտ է և ժողովրդավարության կարևորագույն կոմպոնենտ է, բայց բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է իրականացնում վերահսկողություն:

Այստեղ պետությունը մեծ դեր ունի հետևելու, որպեսզի որևէ սահմանած օրենք, իրավունք չոտնահարվի»:

Անդրադառնալով Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ գործունեությանը՝ պաշտպանը նշեց, որ շարունակում են 24-ժամյա աշխատանքը:

Արդեն պատրաստվում է համապարփակ փաստաթուղթ, որտեղ ներառված են այս շրջանում վերհանված բոլոր խնդիրները.

«Այս արտակարգ դրությունը վեր է հանել խնդիրներ, որոնք մինչ այս գոյություն չեն ունեցել՝ օրինակ, կարանտինային վայրերի հետ կապված՝ ինչ իրավունքներ ունի մարդը, կամ ինչպիսին պետք է լինեն պետության արձագանքի սահմանները, կամ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, կամ հեռավար կրթությանն առնչվող, օրինակ՝ մենք խնդիրներ ունեինք հաշնանդամություն ունեցող երեխաների հետ կապված, և այլն»:

Արման Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ ՄԻՊ-ին ուղղված բողոքները հունիսի դրությամբ ավելի շատ են, քան նախորդ ամբողջ տարին.

«Եթե անցյալ տարի ունեինք 13140 բողոք, հիմա ունենք 13300 և ավել»:

Ա. Թաթոյանի գնահատմամբ՝ բողոքների մեծ մասն իրազեկման պակասի հետևանք է:

Դիտարկմանը, որ նախկինում բողոքները հիմնականում լինում էին դատական և իրավապահ համակարգից, փոխվե՞լ է պատկերը, Ա. Թաթոյանը պատասխանեց.

«Ամեն տարի որոշակի փոփոխություններ արձանագրվում է. օրինակ՝ 2018-ին ավելի շատ բողոքները ոստիկանությունից էին՝ պայմանավորված հավաքներով: Այս տարի կանխատեսում եմ, որ ավելի շատ բողոքներ լինելու են առողջապահական համակարգի, կրթության համակարգի հետ կապված, պարետատան հետ կապված:

Դատական համակարգից բողոքները կարծեք թե ստաբիլ դիրքերում են: Բարձր է, իհարկե: Հիմա, օրինակ, բողոքների մեծ մասը՝ դատական համակարգին առնչվող,    վերաբերում է գործերի ձգձգմանը, դատական նիստերը ժամանակին չնշանակելուն, մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ:

Դատարանների մասով լուծումներ ունենալու համար ես դիմել եմ ՍԴ՝ վիճարկելով այն պրակտիկան, օրենսդրությունը, երբ գործը կարող է, օրինակ, ողջամիտ ժամկետը խախտելով՝ տարիներով ձգձգվել, և դրա հետևանքով մարդը տուժում է և ոչ մի հատուցում չի ստանում դրա համար»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս