Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը:
Հերթական տեսանյութը Միքայել Մինասյանը վերնագրել է այսպես. «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»:
Անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը:
«Նիկոլ Փաշինյանը սարսափում է պատերազմից կամ գոնե սահմանային սրացումներից, դրա համար, երբ առաջին անգամ Դուշանբեում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, ուներ հնարավորություն տետ ա տետ շփման: Եվ երբ Նախիջևանի ուղղության վրա կային պրոբլեմներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն և Հայաստանի ժողովրդի և Հանրապետության հաշվին բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրությունները և զավթի իշխանության մնացած ճյուղերը»,-ասաց նա:
Միքայել Մինասյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվել էր շատ կարևոր բան, որին ձգտում էին Հայաստանի բոլոր իշխանությունները, և առանց որի Հայաստանի Հանրապետությունը անընդհատ վտանգի տակ էր:
«Հայաստանի իշխանությունները անընդմեջ բարձրացնում էին հարց, որը հետևյալն էր, մենք պարտավոր ենք ունենալ դիտորդական առաքելություն, ունենանք տեխնիկական միջոցներ, որպեսզի վերահսկենք շփման գծում զարգացումները, հնարավորություն ունենալու հասկանալու ո՞վ է առաջինը կրակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքից ամենամեծ խաղաքարտը վերցնում են, որովհետև Հայաստանը երբեք չի սկսում կրակել, Հայաստանը ուզում է խաղաղ գործընթաց, ինչը երբեք չի ուզում Ադրբեջանը»:
Ըստ Միքայել Մինասյանի՝ Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվեց այդ հարցը բերել բարձր մակարդակի և Վիենա քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց մի փաստաթուղթ, որն ամրագրում էր, որ պետք է շուտափույթ միջոցառումներ իրականացնել, որոնք բերելու են միջազգային դիտորդական առաքելության ավելացմանը և դրանից բխող տեխնիկական միջոցների ներդրմանը ամբողջ շփման գծի երկայնքով: Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ:
«Եթե դա արվեր և մենք զրոյացնեինք սահմանային միջադեպերի քանակը, գրեթե չէր լինի պատերազմի վտանգ և ամենակարևորը՝ չէինք ունենա զոհեր: Սակայն Նիկոլ Փաշինյանը դա զիջեց՝ խնդրելով ժամանակավոր դադար, որպեսզի շարունակի զավթել Հայաստանի իշխանությունը, զիջեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Դրանից հետո ոչ մեկ չի խոսել այդ պայմանավորվածությունների մասին՝ ոչ եռանախագահները, ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ, իհարկե, Իլհամ Ալիևը»:
Միքայել Մինասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հայտարարել, որ ինքն սկսում է նոր հեղափոխական գործընթաց Լեռնային Ղարաբաղի հարցով: Այսինքն՝ ամեն ինչ նա զրոյացնում է և սկսում է սկզբից:
«Ես համարում եմ, որ այդ գնացքն արդեն գնացած է և ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումներից մեկը Նիկոլ Փաշինյանը փոխեց կամ բառացիորեն ծախեց այն ժամանակահատվածի համար, որ իրեն թույլ տվեց Կարգին Հայկոյին սարքել քաղաքապետ կամ աներձագ Հրաչի սարքել ԱԺ պատգամավոր»,-ասաց նա:
Երկրորդ կետը, ըստ նրա, այն էր, որ Իլհամ Ալիևը ամեն տարի գարնանը փորձում էր Նախիջևանի ուղղությունը ամրապնդել և առաջ գնալ և նույնը արեց 2018 թվականի ապրիլից սկսած: Սակայն հայկական զինված ուժերը ամեն տարի կրակով պահել են այդ առաջընթացը:
«Նույնը արեցին 2018-ի մայիսին, և Հայաստանում իրավիճակ փոխվեց. Հայաստանի ղեկավարությունը չէր տալիս կոնկրետ հրամաններ՝ կրակն ակտիվացնելու համար, ինչը ադրբեջանցիներին հնարավորություն տվեց 5 կիլոմետրանոց տարածությունը կրճատել 750-ից 1500 մետր՝ մոտենալով հայկական գյուղերին, օրինակ՝ Արենի գյուղին»,-ասաց Միքայել Մինասյանը:
Նա նշեց, թե խնդիրն այն էր, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց չկրակելու, նույն հրամանը տվեց նաև Իլհամ Ալիևը, բայց կար մի խնդիր, որի Իլհամ Ալիևը սկսեց ամրապնդել արդեն իսկ վերահսկողության տալ վերցրած կետերը՝ ստեղծելով նոր ինժեներական կառույցներ, մատակարարման համակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը
Gepostet von Mikayel Minasyan am Samstag, 6. Juni 2020