Բաժիններ՝

«Դիմում ենք գրել, ասել են՝ ընդունված եք աշխատանքի, բայց մինչ օրս ժամկետ չեն նշել, թե երբ կբացվի արտադրամասը»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը մայիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ալավերդու պղնձաձուլարանում 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի․ կաշխատի ընդհանուր 183 մարդ։

«Սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի։ Աշխատանքային պայմանագրերն արդեն ստորագրված են։ Անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 183: Քանի որ նախորդ տարի և այս տարեսկզբին կրճատումները մի քանի փուլով են եղել, կրկնում եմ՝ խոսքը հունվարի 11-ին կրճատված աշխատակիցների մասին է։ Աշխատանքային պայմանագրերի առկայության պայմաններում աշխատակիցներն առայժմ չեն հաճախի աշխատանքի, բայց կստանան աշխատավարձ։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Սա հնարավորություն կտա ոչ հապճեպ պայմաններում շարունակել քննարկումները, աշխատանքներն արտադրական բլոկների վերագործարկման մասով, որի պարագայում նախկինում կրճատված աշխատակիցների աշխատանքի վերականգնման գործընթացի երկրորդ փուլը կմեկնարկի։

Ցանկանում եմ ընդգծել՝ այս պահին քննարկման առարկա են միայն արտադրական այն բլոկները, որոնց աշխատանքն արտանետումներ չի ենթադրում։ Եթե հիմնարկի գոյության պահպանության նպատակով գործարկվեն արտանետումներ ենթադրող բլոկներ, դա լինելու է միմիայն կառավարության կողմից սահմանված արտանետումների թույլատրելի սահմանաչափի շրջանակներում։ Նախկինում արտանետումները թույլատրելի սահմանաչափը գերազանցել են ավելի քան 6 անգամ՝ շուրջ 630 տոկոսով։ Հեղափոխությունից հետո այդ անվերահսկելի, անթույլատրելի վիճակն այլևս անցյալում է։ Հրապարակային ասել եմ և կրկնում եմ՝ անելու ենք հնարավորը, որպեսզի Ալավերդիում արտանետումների այդ աղետալի էջը մնա անցյալում»,- գրել է պատգամավորը։

Ալավերդիում խոսակցություններ կան, որ սնանկ ճանաչված «Էյ Սի Փի»-ն բեռնաթափման-բեռնման աշխատանքներով զբաղվող նոր արտադրամաս է բացելու, որտեղ Թեղուտի հանքից խտանյութը գալու է, բեռնվի վագոններ ու գնա Վրաստան:

Թեղուտի լեռնահանքային համալիրի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հարցազրույցներից մեկում ասել է, որ ըստ էության արտադրված խտանյութն իրենք միջնորդավորված են վաճառում, միջնորդ կազմակերպության մեքենաները Վրաստանից ժամանում են Թեղուտ։

«Չեմ կարող ասել, թե հիմա ինչ է փոխվել, սակայն միջնորդ կազմակերպությունը որոշել է խտանյութն այսուհետ Հայաստանից երկաթուղով արտահանել»,- հայտնել է Թեղուտ ՓԲԸ գլխավոր տնօրենը։

Վլադիմիր Նալիվայկոյի փոխանցմամբ՝ «Էյ Սի Փի»-ում բեռնման և բեռնաթափման հրապարակ է գործարկվելու, որտեղ Թեղուտի խտանյութը բարձվելու է վագոն և առաքվելու է Վրաստանի նավահանգիստներ։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներին այս լուրը շատ է ոգևորել։

«Կաշխատենք, գոնե հացի փող կլինի։ Դիմում ենք գրել, ասել են՝ ընդունված եք աշխատանքի։ Աշխատավարձի 2/3-ի չափով պետք է վարձատրեն։ Բայց մինչ օրս ժամկետ չեն նշել, թե երբ կբացվի արտադրամասը։ Հույս ունենք, որ խոստումն օդում կախված չի մնա»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները։

Բացի աշխատանք գտնելու լուրից՝ նրանց ևս մեկ բան է ուրախացնում՝ քաղաքում կորոնավիրուսով վարակված մարդիկ չկան։

«Դիմակները դրած ման ենք գալիս, էլի։ Հենց Ալավերդիում կորոնավիրուս չկա, բոլոր կանոնները պահում ենք, քաղաքակիրթ ժողովուրդ ենք,- նշեցին գործարանի նախկին աշխատակիցները՝ կատակելով,- Կորոնավիրուսը եկել-տեսել է՝ սոված ենք, հետ է գնացել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս