«ՊԵԿ-ում և առհասարակ համակարգում  առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն». Նիկոլ Փաշինյան

«2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, քանի որ ՀՀ կառավարությունն ի սկզբանե նախատեսվածից 104  մլն դրամ ավելի հարկային եկամուտներ է գեներացրել, ընդ որում, այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձավ պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը»,- ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019  թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին վարչապետը մասնակցում էր առցանց:

Վարչապետի խոսքով՝ արդեն հայտնի է, որ 2019  թվականին արձանագրվել է վերջին 12 տարիների համար աննախադեպ 7,6 տոկոս տնտեսական աճ: Եղել է հարկեր ՀՆԱ 22,35 տոկոս ցուցանիշ, որը 1,6 տոկոսով գերազանցում է 2018  թվականի համապատասխան ցուցանիշը:

«Այնպես է ստացվում, որ այս բյուջեի քննարկումն իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ պարոն Անանյանը լքելու է այդ պաշտոնը, օգտվելով  առիթից՝ ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում կատարված աշխատանքների համար:

Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և առհասարակ համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, հույս ունեմ, որ այն բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակ, դրանք ավելի կխորանան և ավելի ընդգրկուն կդառնան»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս