«Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ մինչև օրս համավարակի հետ կապված՝ քաղաքացիների մոտ կա ոչ լուրջ վերաբերմունք:
«Այսօր խորհրդարան եմ եկել ոտքով, տարիքով մեծ քաղաքացիներին, կանանց խնդրում եմ, որ դիմակ դնեն, ասում են՝ հիվանդ չենք, մեզ բան չի լինի: Մենք ընկալման խնդիր ունենք, կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ էլ լինի, ինչ կառավարություն ու երկիր էլ լինի, եթե մենք չկարողանանք այդ գիտակցությունը քննարկել մարդկանց հետ և մարդկանց հասցնել, ապա որևէ մեկը որևէ բան չի կարողանալու անել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այսօր բոլորը պետք է զբաղվեն մեկ բանով՝ հետևել քաղաքացիներին, շրջապատին, ընկերներին, ասեն՝ դիմակ կրեն:
ԱԺ փոխնախագահը նաև ընդգծեց, որ, եթե անհրաժեշտություն լինի, կարող է ստեղծվել ԱԺ քննիչ հանձնաժողով, դրա հետ կապված որևէ մտավախություն չունի:
Ինչ վերաբերում է խիստ կարանտինի անցնելու ռեժիմին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող: Արդեն երկար ժամանակ է՝ ընտրությունը մարդկանց ֆինանսապես շատ ծանր վիճակի մեջ դնելու և հիվանդության առումով ծանր վիճակում դնելու մեջ է, երկու քարի արանքում որոշում կայացնելու մեջ է: Չենք կարող խիստ սահմանափակում իրականացնել»:
Անդրադառնալով Առողջապահության նախարարի հրաժարականի պահանջներին, որ վերջին օրերի ընթացքում տարբեր քաղաքական ու հասարակական ուժեր բարձրացնում են, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ոլորտի մասին կարող է դրական բաներ ասել, բայց դրանից խուսափում է, որպեսզի մարդկանց մոտ այլ տպավորություն չստեղծվի: