Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտեն հաստատում է
Հունիսի 1-ին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»:
Փաստաբանը հիշեցրել էր նաև, որ «Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը՝ օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ»:
Վերջում Ամրամ Մակինյանն ափսոսանք էր հայտնել, որ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…
168.am–ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի հետ:
Այնտեղից մեզ տեղեկացրին, որ փաստաբանի հաղորդման հիման վրա՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որը միացվել է «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործին: