Մոտ մեկ ամսից ՀՀ-ում կբացվի «Կալաշնիկովի» գործարանը. սկզբում կհավաքեն ԱԿ-103 ինքնաձիգներ

2018-ի օգոստոսին հայտարարություն եղավ Royalsys Engineering LTD ընկերության (ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է, որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերության մեջ) և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Հայաստանում հիմնել «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։

Այսօր մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Հայաստանում «Կալաշնիկով» տեսակի զենքի արտադրություն հիմնելու պայմանագիրը հօդս է ցնդել։ Ի դեպ, Royalsys Engineering LTD ընկերության Դավիթ Գալստյանը, ըստ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաթղթի՝ «պերսոնա նոն գրատա» է Ռուսաստանում՝ 10 տարով:

ՊՆ-ի մեր աղբյուրները հայտնեցին, որ անգամ կորանավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ստացվել են, և մոտ մեկ ամսից կբացվի գործարանը: Այսինքն՝ ամեն ինչ գնում է իր հստակ պլանով:

Ըստ մեր աղբյուրի՝ սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից՝ հիմնականում նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103:

Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:

168.am-ը կփորձի տեղեկություններ ստանալ նաև ՌԴ ՊՆ-ից, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք:

Իսկ մինչ այդ, հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում ևս մեկ արտադրություն հիմնելու գործով. արտադրվելու են գիշերային տեսադիտարկման համակարգեր: Դրանք նախագծվել են ՀՀ-ում, որին մասնակցել են նաև դրսի մասնագետներ, հաշվի են առնվել մեր բանակի պահանջները, աշխարհագրական պայմանները: Այս արտադրանքը կսկսի թողարկվել ՀՀ-ում մոտակա ժամանակներս:

Տեսանյութեր

Լրահոս