
«Կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ՝ պատրաստ ենք արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգության». Բակո Սահակյան

Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները:
«Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր ԶՈՒ շարունակական ու հետևողական զարգացումն է, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ՝ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության»,- նշել է Բակո Սահակյանը և հավելել, որ սրանով է պայմանավորված 2019-ին ևս բանակաշինության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման շարունակությունը` ուղղված ՊԲ մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մարտական հնարավորությունների ընդլայնմանը, բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանն ու համալրմանը:
Բակո Սահակյանի խոսքով՝ կատարվել են նաև ծրագրեր, որոնք միտված են եղել ղեկավարման համակարգի կատարելագործմանը, առաջնագծի տեխնիկական հագեցվածության և ծառայության պայմանների բարելավմանը, ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի զարգացմանը և արդիականացմանը, ինչպես նաև` զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը: Վերջին մտքի համատեքստում Բակո Սահակյանը տեղեկացրեց, որ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանների բարելավման ծրագրով 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքի բնակարաններ վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև ՊԲ զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման դիմաց փոխհատուցում:
Արցախի նախագահը վստահեցրեց, որ հատուկ ուշադրության կենտրոնում են եղել բարոյահոգեբանական ոլորտի շարունակական բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի դեմ տարվող աշխատանքները:
«Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում Զինված ուժերում բացասական երևույթներն արմատախիլ անելու, ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ: ՊԲ-ն միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը, և այդպես պետք է լինի այսուհետ»,- ավելացրել է Բակո Սահակյանը:
Իր ելույթում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Արցախի ղեկավարն ասաց, որ շարունակվել են Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքները: