ԿԳՄՍՆ-ի պարգևավճարային ֆոկուսները կամ ինչպես է փաշինյանական թիմը ծաղրում հանրությանը. Yerkir.am

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ 09.05.2018 – 31.12.2018 թթ. ՀՀ ԿԳ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին կազմել է 1.500.590.900 դրամ, որից պարգևավճարները՝ 49.981.380 դրամ («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 122.905.900 դրամ («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված)։ Այսպիսով՝ 2018 թ. շուրջ 8 ամիսներին ԿԳՄՍ-ի իրավանախորդ երեք նախարարությունների աշխատակիցներին միասին տրվել է 172.887.280 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 360.000։

2019 թ. ԿԳՄՍՆ-ի ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ, որից պարգևավճարները՝ 284.902.700 («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 95.819.100 («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված), 75.487.174 («Աշխատողի աշխատավարձեր և հավելավճարներ» հոդված)։ Այսպիսով՝ 2019 թ. 12 ամիսներին նորաստեղծ ԿԳՄՍ-ի աշխատակիցներին միասին տրվել է 456.208.974 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 955.000, որն ամսական կտրվածքով կազմում է շուրջ $ 80.000:

Այսպիսով՝ 20 ամիսների համար ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ $ 1.318.000:

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի աշխատողների առավելագույն թիվը համեմատաբար այնքան էլ մեծ չէ՝ 357:

Անգամ պարգևավճարների հարցում շռայլությամբ աչքի ընկած ՀՀ արտգործնախարարության պարագայում՝ 2019 թ. այն կազմել է 325,192,100 դրամ՝ ԿԳՄՍՆ-ի նույն 2019 թ. ընթացքում վճարած 456.208.974 դրամի դիմաց։ Փաստենք նաև, որ ԱԳՆ-ի աշխատակիցների թիվը 768 է՝ ԿԳՄՍՆ-ի հետ (357) համեմատ կրկնակիից շատ ավելին։ Աշխատակիցների այդչափ տարբերության պայմաններում անգամ ԱԳՆ-ի աշխատակիցների ստացած պարգևավճարների 20 ամիսների ընդհանուր գումարը (424.882.253 դրամ) չի գերազանցում ԿԳՄՍՆ-ի՝ 12 ամիսների համար տրված պարգճավճարների թվին (456.208.974 դրամ):

Թվով ԱԳՆ-ին մոտ, իսկ ԿԳՄՍՆ-ից կրկնակի անգամ ավելի աշխատակիցներ ունեցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (աշխատակիցների թիվը 700 է) 20 ամիսների համար նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարել է 486.571.800 դրամ կամ քիչ ավելի, քան վճարել է ԿԳՄՍՆ-ն՝ 12 ամիսների համար՝ 357 աշխատակիցներին:

Ինչպես տեսնում ենք՝ ԿԳՄՍՆ-ն իր տարեկան պարգևավճարների մասով ռեկորդակիրների թվում է և այս ոլորտում մրցակցում է պարգևավճարների «հսկաների»՝ Ֆինանսների նախարարության (միջինացված թվով շուրջ 473 աշխատակիցներին նույն 20 ամիսների համար վճարել է 1.223.510.236 դրամ պարգևավճար), Արդարադատության նախարարության (300 աշխատակիցներին 20 ամիսների համար վճարել է 783.246.900 դրամ պարգևավճար) և այլոց հետ:

Հետաքրքրական մեկ փաստ ևս. ինչպես տեսանք՝ երեք նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին վերցրած 2018 թ. 8 ամիսների համար կազմում էր 1.500.590.900 դրամ, որը ողջ տարվա համար կազմում է շուրջ 2.250.886.350 դրամ։ 2019 թ. ԿԳՄՍՆ-ի աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ կամ կրճատվել է շուրջ 496.660.750 դրամով։ Այստեղ ևս պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի ֆոնդը կրճատվել է կոնկրետ ԿԳՄՍՆ-ի համար, քանի որ այդ գումարը, այսպես թե այնպես, պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շարունակել է վճարվել միավորման արդյունքում այլ աշխատանքի տեղափոխված շուրջ 279 և կադրերի ռեզերվում գրանցված 17 քաղաքացիական ծառայողներին (ՀՀ վարչապետի աշխատակազմից Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան՝ 03.02.2020 թ. նամակով հայտնել են, որ ԿԳՄՍՆ-ում կրճատվել է ընդամենը 12 հաստիքային միավոր, որից 5-ը՝ քաղաքական պաշտոն, 7-ը՝ հայեցողական)։ Հետևաբար՝ աշխատավարձի ֆոնդը տնտեսվել է միայն վերոհիշյալ 12 հաստիքների մասով, ինչը, խոստովանենք, կազմում է ոչ այնքան մեծ թիվ։

Ինչպես արդեն նշեցինք՝ երեք նախարարություններին 2018 թվականի 8 ամսավա համար վճարվել է պարգևավճար 172.887.280 դրամ, որը 12 ամսվա համար կկազմի միջինը 259.330.920 (172.887.280 : 8 x 12): Նախարարությունների միավորումից հետո՝ 2019 թ. համար ԿԳՄՍՆ-ի 1 տարվա պարգևավճարի թիվը ավելացել է 196.878.054 դրամով (456.208.974 – 259.330.920)՝ կազմելով 456.208.974 դրամ։

Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, հանրության աչքին թոզ փչելով՝ հայտարարեց, որ նախարարություններում կան անիմաստ հաստիքներ, և իրենք, կրճատելով նախարարությունների թիվը և միավորելով դրանք, խնայում են բյուջեն և անցում կատարում առավել արդյունավետ կառավարման մոդելի։ Փաստորեն՝ միավորման արդյունքում 308 աշխատակցի կրճատման (ինչպես նշեցինք՝ 12 հաստիք կրճատվել է ընդհանրապես, 296-ը՝ ԿԳՄՍՆ-ից տեղափոխվել են պետական այլ աշխատանքի) պայմաններում՝ ԿԳՄՍՆ-ի պարգևավճարի ֆոնդը ավելացել է 196.878.054 դրամով։ Աբսուրդ է, բայց փաստ:

Իսկ գլոբալ առումով՝ փաշինյանական թիմի կողմից իրականացված միավորումների, օպտիմալացումների կամ «բարեփոխումների», իսկ իրականում՝ ֆոկուսների արդյունքում ոչ թե թեթևացել է պետական բյուջեի վրա ընկած բեռը, այլ ճիշտ հակառակը, այն աճել է պատկառելի գումարով (մոտ 200 մլն դրամ` մինուս 12 հաստիքի տարեկան աշխատավարձ չափով):

Փաշինյանական իշխանությունները, իհարկե, կարող են այս ամենի համար նշել, որ նախորդ իշխանությունների համեմատ իրենք տարեկան գրեթե 200 մլն դրամ ավելի պարգևավճար են շռայլել, քանի որ ԿԳՄՍՆ-ն արտառոց ծրագրերով զարկ է տվել հայ մշակույթի, կրթության և սպորտի զարգացմանը։ Այդուհանդերձ՝ փաստենք, որ, բոլոր այն նորարարությունները, հաջողությունները կամ առաջընթացը, որոնց ականատես է եղել հանրությունը, ընդհանուր առմամբ նախորդ նախարարների օրոք մեկնարկած լայնածավալ ծրագրերի՝ իներցիոն բնույթով իրականացման արդյունք են (փաստերը բազմաթիվ են, և դրանք բազմիցս մատնանշվել են նախորդ նախարարների կողմից)։

Իրականում՝ տարեկան շուրջ 456.208.974 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 955.000 պարգևավճար (ամսական՝ $ 80.000) մսխող Արայիկ Հարությունյանի հիմնարկը իր գործունեությամբ աչքի է ընկել միայն հակազգային, հակամշակութային, հակապետական և քայքայիչ մի շարք «նորարարություններով», որոնք գիտակից հանրության շրջանում տեղիք տվեցին լրջագույն հուզումների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս