
Հայաստանի ժուռնալիստների միությանը քաղաքապետարանը գույքահարկի գծով արտոնություններ տրամադրեց

Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվեց Հայաստանի ժուռնալիստների միությանը գույքահարկի գծով արտոնություններ տրամադրելու հարցը։ Թեպետ Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, այնուամենայնիվ, ավագանին կողմ քվեարկեց հարցին։
Ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանն իր խոսքում նշեց, որ այս իրավիճակը շատ տիպիկ օրինակ է այն բանի, թե ինչպես է նախկին ղեկավարի վատ կառավարման արդյունքում միությունը հայտնվել այդ վիճակում։
«Քաղաքի կենտրոնում գտնվող այդ հրաշալի մեծ տարածքը վարձակալական սկզբունքով տրվել է մինչև 2050-2080-2112 թվականները շատ չնչին գումարներով, ու այսօր միությունը հնարավորություն չունի իր հարկային և այլ պարտավորությունները կատարել։ Այսօր դատարանում վիճարկվում է այդ պայմանագրերի իրավաչափությունը։ Ես կողմ եմ քվեարկելու»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը։
Քվեարկության արդյունքներով` ձայների 19 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի ավագանին որոշեց Հայաստանի ժուռնալիստների միությանը գույքահարկի գծով արտոնություններ տրամադրել։