Էրդողան․ «Ես նզովում եմ, դատապարտում եմ ալևիականությունը որպես կրոն ներկայացնող մոտեցումը»
Ստամբուլի քաղաքապետարանն ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող ազգային ինքնիշխանության ու երեխաների տոնի առիթով օգնության փաթեթներ էր բաժանել քաղաքի բնակիչներին։ Այդ փաթեթների մեջ եղել է նաև մի գրքույկ, որի էջերից մեկում առկա լուսանկարում պատկերված են եղել իրար կողք նստած մուսուլման, քրիստոնյա, ալևի ու հրեա հոգևորականներ։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ քննարկման առարկա դարձած լուսանկարի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ստամբուլի քաղաքապետարանին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։
Էրդողանին վրդովեցրել է, այն հանգամանքը, որ ալևիականությունը ներկայացվել է որպես իսլամից առանձին, ինքնուրույն կրոն։
«Քաղաքապետարանի սոցիալական օգնությունը պիտի համակարգվի նահանգապետարանի կողմից, քանի որ նրանք (քաղաքապետարանը) բոլորովին այլ գործեր են անում։ Ես հատկապես ժողովրդի ներկայությամբ եմ ցանկանում հայտարարել, որ նզովում եմ, դատապարտում եմ ալևիականությունը որպես կրոն ներկայացնելու այդ մոտեցումը, որը կա նրանց բաժանած գրքույկում»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո անցկացված հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում։
Նշենք, որ քրդական ինքնությամբ ալևիների դավանած ալևիականությունը Թուրքիայում պետության կողմից չի ընդունվում որպես առանձին կրոն, այլ ներկայացվում է սուննի իսլամի հետ միասին։ Ալևիները, սակայն, իրենց համարում են առանձին կրոնական ուղղության ներկայացուցիչներ, չեն ընդունում իրենց նույնացումը իսլամի հետ և չեն աղոթում թուրքական մզկիթներում։ Նրանք ունեն իրենց աղոթատեղիները՝ ջեմեվիները, որոնց Թուրքիան առ այսօր որևէ իրավական կարգավիճակ չի տվել․ դե յուրե դրանք անօրինական են։