Թուրքիայի Այդըն նահանգում հայտնաբերվել են 18-րդ դարի հայկական տապանաքարեր
Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբոսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին հայտնաբերվել են 18րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանը։
«Մշակութային եղեռնը շարունակվում է. յուրացված հայոց գերեզմանոցի տեղում՝ թուրքական ոստիկանական դպրոց, ապա քաղաքային այգի:
Թուրքիայի Նազիլլի քաղաքի նախկին ոստիկանական դպրոցի տարածքում իրականացված քաղաքային այգու կառուցման աշխատանքների ժամանակ, ապրիլի 22-ին, հայտնաբերվել են 18 դարի երկու արձանագիր տապանաքարեր: Տապանաքարերում հիշատակվում են Հայաստանի Տաշտուն և Կարպի գյուղերը»,- գրել է Քորթոշյանը։
Գիտաշխատողը նշել է, որ «Նազիլլի Հավատիս» թերթի լրագրող Մեհմեդ Ալի Ջինթոսունի հրապարակած լուսանկարներում հնարավոր է ընթերցել հետևյալ արձանագրությունները.
«1․ Այս է տապան տաշտունեցի տր. Մօվսէսի որդի Յօսէփին, թվ. ՌՃՀԷ (1728 թ.):
Այս է տապան կարպէցի տր. Մարտիրոսի կողակից Էպրաքին որ փոխեցաւ առ Ած., թվն. ՌՄԺԷ (1768 թ.), փէդրվարի Զ (6)-ին: Այս հինկ երէխաս ըս դուրան»: