«Ադրբեջանի ժողովուրդը սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին՝ պատրաստ օկուպացված տարածքների ազատագրմանը». Ալիևի ռազմական հարցերով օգնական

«ՀՀ իշխանությունների և ԱԳՆ-ի կողմից զավթիչի դիրքերից արված հայտարարությունները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պայմանավորվածություններից խուսափելը անկասկած խոսում են հակառակորդի նպատակների մասին և անշուշտ հիմք են տալիս Ադրբեջանին օգտվել ռազմական ճանապարհով իր հողերն ազատագրելու իրավունքից»,- այս մասին, ադրբեջանական «Թրենդ» իշխանամետ լրատվամիջոցի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով օգնական, գեներալ-գնդապետ Մագերամ Ալիևը:

Ադրբեջանցի ռազմական գործիչը նշել է, որ ՀՀ իշխանությունների՝ տարբեր պատճառաբանություններով խաղաղ կարգավորման գործընթացից խուսափելու տևական փորձերն Ադրբեջանին այլ ելք չեն թողնում: Մագերամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ժողովուրդը մշտապես պատրաստ է մոբիլիզացվել «հանուն օկուպացված տարածքների ազատագրման»:

«Ագրեսորները պետք է հիշեն, որ Ադրբեջանը բացի ուժեղ դիվանագիտությունից նաև ռազմական հռետորաբանություն ունի: Այսինքն՝ ի տարբերություն աբսուրդային, հանրության համար նախատեսված ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության էժան կարծիքների, Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները զուգակցվում են պրակտիկ գործողություններով»,- ասել է Մագերամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը կորնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ իշխանությունների պահվածքը թեթևամիտ է որակել: Ըստ նրա, անլուրջ հայտարարությունների փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զորմասերում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ: Ալիևի խոսքով, պանդեմիայի պայմաններում աշխարհում քաղաքական, տնտեսական իրողություններն ու հնարավորություններն են փոխվում, որը Հայաստանը, նրա համոզմամբ, դատապարտված է հասկանալ ու անել հետևություններ՝ վերանայելով իր ներկայիս մոտեցումները և չխախտելով պայմանավորվածությունները:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս