«Փաշինյանից այս պահին պահանջվում է նվազագույնը․ բանակցային գործընթացում չանցնել այն «կարմիր գիծը», որից հետո վտանգավոր զարգացումները կլինեն անշրջելի»․ Դավիթ Ջամալյան
Հարցազրույց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ
– Պարոն Ջամալյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այս պահին բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում: ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ որևէ փաստաթուղթ չկա։ Ի վերջո, ո՞ւմ հավատալ, Ձեր կարծիքով՝ կա՞ փաստաթուղթ, թե՞ ոչ, և ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում։
– Այն, որ մեր իշխանություններն իրենց հանդեպ վստահության ռեսուրսը սպառել են, փաստ է։ Փաստ է նաև, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ մեծ նահանջ ենք արձանագրել բանակցային գործընթացում։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից եկել, հասել ենք մի կետի, երբ ակնհայտորեն խոսվում է փուլային տարբերակի մասին, այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին, փորձ է արվում այդ «համայնքը» լեգիտիմացնել, դարձնել բանակցային գործընթացի կողմ։ Միակ դրական բանն այստեղ այն է, որ Զոհրաբ Մնացականյանը կտրուկ ընդգծեց, որ տարածքային զիջումները բացառվում են։ Բայց առհասարակ, բանակցային գործընթացի ընդհանուր զարգացումներում մենք, իհարկե, լրջագույն խնդիրներ ենք նկատում։
Ընդ որում, այդ լրջագույն խնդիրները պայմանավորված չեն ԱԳ նախարարության աշխատանքով, դա Նիկոլ Փաշինյանի անպատրաստ լինելու, անփորձության հետևանքն է, կամ էլ՝ ինչ-ինչ ոչ հայանպաստ սցենարներին տուրք տալու հետևանքը։ Ամեն դեպքում, մենք ունենք փաստը՝ 2018թ․ դրությամբ բանակցային գործընթացում քննարկվում էր Արցախի պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման հարցը, ինչը ենթադրում էր, որ Արցախի պետական սահմանը լեգիտիմ դարձնելու ուղղությամբ կարևոր քայլ էր արվում, հիմա մենք այդ դիրքերից նահանջել ենք։ Արցախը բանակցային կողմ դարձնելու Փաշինյանի թեզն իր անփորձության պատճառով ծառայեցվեց նրա դեմ, առաջին պլան եկավ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչեցյալի լեգիտիմության հարցը։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ անփորձի ամբարտավանությունը բերել է դիվանագիտական ձախողման։
Զուգահեռաբար, վերջին ամիսներին շրջանառության մեջ դրվեց «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինը, ընդ որում՝ դա փորձ արվեց ներկայացնել իբրև «Արցախի իշխանություն» տերմինին նույնական տերմին։ Այո՝ արցախյան ընտրությունների համատեքստում, վերջերս, ՀՀ ԱԳՆ-ն օգտագործեց «Արցախի իշխանություն» տերմինը, բայց այնուամենայնիվ բանակցային գործընթացում զարգացումները վտանգավոր են։ Այստեղ շատ կարևոր եմ համարում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, ողջ հայաստանյան հանրության դիրքորոշումն առ այն, որ մենք տարածքային զիջումների որևէ սցենարի անգամ քննարկելը պետք է ի սկզբանե մերժենք։ Այո՛, հանրային ճնշումն ուղղակի թույլ չի տա իշխանությանը՝ գնալ տարածքային զիջումների։ Հանրային ցասման ալիքը նման իշխանությանը կհեռացնի հաշված ժամերում։ Հույս ունեմ, սակայն, որ այդ տարածքային զիջումների անթույլատրելիության հանգամանքը գիտակցում են նաև ներկա իշխանությունները։
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ տարածքային զիջումներ չեն լինելու, ավելին, նշում են, որ նախորդ իշխանություններն են պատրաստ եղել զիջումների։
– Այսօրվա իշխանությունն այլևս չունի սոցիալական հենարան։ Այդ հենարանը վերստեղծելու նպատակով Փաշինյանը բանեցնում է նախորդ իշխանության հանդեպ հանրության մոտ ատելություն սերմանելու, ըստ այդմ՝ նախորդ իշխանությանը վարկաբեկելու մարտավարությունը։ Սա հեռանկար չունեցող մարտավարություն է, մարդիկ ուղղակի զզվել են անընդհատ նախկինների անունը տալով սեփական անկարողությունը հիմնավորելու այս պրիմիտիվ գործելաոճից։
Նախորդ իշխանությունը, Սերժ Սարգսյանը ոչ միայն նման մտադրություն չեն ունեցել, այլև 2016-ի ադրբեջանական ագրեսիայի ձախողման դիվանագիտական ռեսուրսը լիարժեքորեն օգտագործել են, ինչը դրսևորվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով։ Այդ պայմանավորվածությունների ձեռքբերումը, ըստ էության, Արցախի պետական սահմանի լեգիտիմացման առաջին քայլն էր ենթադրում, ինչը Սերժ Սարգսյանի դիվանագիտական լրջագույն նվաճումն էր։ Եվ հետո, ժամանակակից սպառազինության կայուն մատակարարումները 2016-ի հետապրիլյան շրջանում է՛լ ավելի էին ամրապնդում մեր դիրքերը բանակցային գործընթացում։ 2018-ի ապրիլ-մայիսի դրությամբ Ալիևը մանևրելու ռեսուրս գրեթե չուներ։ Հետևաբար, այդ թեզը, որ Փաշինյանի թիմն առաջ է քաշում, թե տարածք հանձնելու մտադրություն ունեցել են նախորդները, սնանկ է ի սկզբանե։ Այս կոնտեքստում միակ դրական բանն այն է, որ պաշտոնական Երևանը հստակ դեմ է արտահայտվում տարածքային զիջումների սցենարին, թեպետ այլ տարբերակ պարզապես չունի։
– Ամեն ինչի մասին գրառումներ կատարող և ուղիղ եթեր մտնող վարչապետ Փաշինյանն ինչո՞ւ այս կարևոր հարցի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անում, ինչո՞ւ է լուռ։
– Ես համամիտ եմ հարցադրմանը, դա հուշում է այն մասին, որ բանակցային գործընթացում գործ ունենք շատ վտանգավոր զարգացումների հետ, այնպիսի զարգացումների հետ, որոնք կարող են վերջնականորեն խաչ քաշել այս իշխանության հեռանկարի վրա։
– Ասացիք, որ ողջունելի է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, որ զիջումներ չեն լինելու, բայց, ըստ էության, նա չասաց, որ որևէ փաստաթուղթ այս պահին չի քննարկվում, ինչի մասին հայտարարել էր Լավրովը։ Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը դա չասաց, բացթողո՞ւմ էր, թե՞ նրա արտահայտած մյուս մտքերը ցույց են տալիս, որ իսկապես չկա նման փաստաթուղթ։
– Այո, այդ հանգամանքն էլ կա։ Ես ենթադրում եմ, որ իրավիճակն այս պահին հետևյալն է․ այնուամենայնիվ հայկական կողմը նահանջել է դիվանագիտական ճակատում, ինչ-որ փաստաթուղթ է պարտադրվել, որն էլ քննարկվում է։ Եվ ահա, տարածքային զիջումներին կտրուկ ոչ ասելով՝ պաշտոնական Երևանը փորձում է ինչ-որ կերպ մանևրել ու այդ անցանկալի իրավիճակից դուրս գալ։
Այսինքն՝ այդ կտրուկ ոչ-ը հնչեցնելով՝ փորձ է արվում կասեցնել վտանգավոր զարգացումները։ Որևէ իշխանություն չի կարող գնալ տարածքային զիջումների, որովհետև տարածքային զիջումները կնշանակի՝ նոր պատերազմ, Արցախի և Սյունիքի կարուստ։ Այստեղ սկզբունքորեն կարևոր է հետևյալ հարցադրումը՝ ինչո՞ւ մենք նահանջեցինք դիվանագիտական ճակատում։ Սա մի հարց է, որի համար այս իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի։
Մենք հաղթողի, ապրիլյան ագրեսիայում ձախողված ագրեսորի հետ ուժի դիրքերից խոսողի կարգավիճակից եկել-հասել ենք մի կետի, երբ ինչ-որ սարսափելի սահման չանցնելու համար ստիպված ենք այդ կտրուկ ոչ-ը պարբերաբար հնչեցնել։ Լավ է, որ հնչեցնում ենք, բայց ինչո՞ւ հասանք այդ աննպաստ վիճակին։
Փաշինյանի ընկալումներում միշտ մի հարց է եղել և մնում ակտուալ՝ նախորդների հետ կռիվը, նախորդներին վարկաբեկելը։ Սա իր համար առաջնահերթություն է, փոխարենը՝ նախորդների ձեռքբերումներին պետք էր տեր կանգնել դիվանագիտական հարթակում, ինչը չի արվել։ Ըստ ամենայնի, դիվանագիտական ճակատում այս իշխանության թույլ տված սխալները շտկելու է արդեն հաջորդ իշխանությունը․ Փաշինյանից այս պահին պահանջվում է նվազագույնը․ բանակցային գործընթացում չանցնել այն «կարմիր գիծը», որից հետո վտանգավոր զարգացումները կլինեն անշրջելի։