«Բարսելոնան» մեկ տարով կվաճառի «Կամպ Նոու» անվանման մի մասի իրավունքները․ ի՞նչ է հայտնի
Կորոնավիրուսի դարաշրջանում ֆուտբոլային մարզադաշտերն օգնում են պայքարել համաճարակի դեմ: Որոշ ակումբներ, օրինակ՝ «Ռեալը», «Տոտենհեմը» և «Բորուսիա Դորտմունդը», իրենց մարզադաշտերը հանձնում էին՝ որպես հիվանդանոցներ: Այժմ «Սանտյագո Բեռնաբեուն» ունի դեղամիջոցների պահեստ, իսկ «Ուայթ Հարթ Լեյնում» ուղղակիորեն բուժում է հիվանդներին:
«Բարսելոնան» մեկ տարով վաճառում է իր մարզադաշտի անվան իրավունքների մի մասը: Գումարի մի մասը կտրվի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
«Մենք ուզում ենք, որ սա հաղորդագրություն լինի. առաջին անգամ յուրաքանչյուր ոք կկարողանա ավելացնել իր անունը «Կամպ Նոու» անվան կողքին, և ամբողջ հասույթը կլինի մարդկության կարիքների, և ոչ միայն՝ «Բարսելոնայի» համար»,- ասել է ակումբի փոխնախագահ Ջորդի Կարդոնները: «Նախաձեռնությունը ծնվել է արտակարգ իրավիճակում. մենք ուզում ենք, որ մեր հիմնական գանձն օգնի նաև համաճարակի դեմ պայքարում»:
Ինքը` Կարդոները, վերջերս հիվանդ էր կորոնավիրուսով. «Բարսայի» փոխնախագահին պետք չէր հոսպիտալացում, բայց հիվանդության ժամանակ նա, իր իսկ խոսքով, շատ բան էր մտածում:
Ահա թե ինչ է հայտնի այլ հնարավոր գովազդային պայմանագրի մասին․
- Ակումբը չի վաճառում մարզադաշտի անվանմանն առնչվող բոլոր իրավունքները. «Կամպ Նոուն» կմնա կատալոնացիների տնային մարզադաշտի անունը: «Բարսելոնան» ցանկանում է, որ մարզադաշտը հովանավոր ունենա, որը կդառնա անվանման մի մասը, օրինակ՝ «Չուպա Չուպսի Կամպ Նոու»:
- «Բարսելոնան» նախատեսում է միայն մեկ տարվա պայմանագիր, որից կփորձի առավելագույն միջոցներ քաղել՝ COVID-19-ի դեմ պայքարին օգնելու համար:
- Նախատեսվում է, որ միջոցների կեսը կհատկացվի ակումբի բարեգործական հիմնադրամի կողմից: Դրանք կարող են օգտագործվել Իսպանիայում, կամ կարող են տեղափոխվել այն երկրներ, որտեղ «Բարսան» ունի սոցիալական ծրագրեր:
- Դեռևս հայտեր չկան, բայց Կարդոներն ասում է, որ «Բարսելոնան» կլսի բոլոր հնարավոր առաջարկները: Փոխնախագահը հույս ունի, որ որոշ հովանավորներ համատեղելու են առաջարկները և այդպիսով ավելի շատ միջոցներ են հավաքելու վիրուսի դեմ պայքարի համար:
Դեռևս հրապարակային առաջարկ է արել միայն PornHub-ը։
Սիրարփի Աղաբաբյան