Սպիտակ տունը շարունակում է աջակցել տնտեսությունն աստիճանաբար բացելու գաղափարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կորոնավիրուսի պայմաններում որոշ նահանգներում տնտեսությունն աստիճանաբար բացելու գաղափարի օգտին:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահ Թրամփը կտրականապես համաձայն չէ Ջորջիայի նահանգապետի այն որոշման հետ, ըստ որի, տնտեսության մի մասը վարակի տարածման այս պայմաններում բացվում է:
«Ես ասել եմ նահանգապետ Բրայան Քեմփին, որ համաձայն չեմ կոնկրետ օբյեկտներ բացելու որոշմանը: Նահանգապետը պետք է անի այն, ինչ ինքը ճիշտ է գտնում, բայց եթե ես տեսնեմ, որ ընդհանուր ուղուն ընդհանրապես չհամապատասխանող իրավիճակ է, ապա քայլեր կձեռնարկեմ: Կարծում եմ, որ առաջին փուլում սպա-սասրահները, գեղեցկության սրահները, դաջվածքների կենտրոնները, վարսավիրանոցները բացելը շատ շուտ է»,-նշել է նախագահը:
Դոնալդ Թրամփը նաև անդրադարձել է այն դիտարկումներին, թե սպասվում է վարակի բռնկման երկրորդ ալիք: Նախագահը կարծում է, որ նույնիսկ եթե վարակը վերադառնա, ապա այն չի լինի այս նույն ծավալներով:
«Եթե վերադառնա, ապա ոչ այս ձևով ինչպես կա: Այն կվերադառնա փոքր ծավալով, որը մենք կարող ենք զսպել…Իմ կարծիքով դա չի լինի այն, ինչ մենք հիմա տեսնում ենք»,-ասել է նախագահը: