Լավրովը ճիշտ էր, ես սխալվեցի
Միանշանակ է, որ դիվանագիտական լեզուն բարդ է և լի ալեգորիաներով, սակայն միշտ չէ, որ այդ լեզվով անհասկանալի մտքեր ու մոտեցումներ են հնչեցվում։ Նման մի շատ պարզ ու մատչելի հայտարարության հանդիպեցինք նախօրեին։
Երեկվա ՀՀ քաղաքական և տեղեկատվական դաշտի առանցքային թեման կապված էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի շարք աշխարհաքաղաքական հայտարարությունների հետ։ Մասնավորապես՝ Լավրովի հայտարարություններից կարևորն այն էր, երբ նա ի լուր աշխարհի հայտնեց, որ Արցախի բանակցային գործընթացում ներկայումս առկա է փուլային լուծման տարբերակը։
Եթե փորձենք ասել, թե ինչ է իրենից ներկայացնում փուլային ասվածը, ապա կստացվի մոտավորապես հետևյալը․ հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը, դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե։ Այլ բառերով կարող ենք ասել, որ այս գործընթացը կանխորոշում է խոստում տարածքների դիմաց։
Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունից ու հստակ ներկայացված «մեսիջներից» հետո, երբ արդեն ամեն ինչ ակնհայտ դարձավ, ՀՀ իշխանությունների ծանր հրետանին «մեյդան իջավ»՝ փորձելով այս անգամ ամեն ինչի մեղավոր «նշանակել» նրան։
Այստեղ գործ ունենք հայաստանյան իշխանություններին բնորոշ գործելաոճի հետ, երբ բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից, և սա՝ այն պարագայում, երբ ստեղծված վակուումի հիմնական մեղավորն իրենց ընտրյալ վարչապետն է։
Լավրովի՝ բանակցային գործընթացի որոշակի դետալների հրապարակայնացումը պատահականություն համարել չի կարելի, դա միանշանակ պրիմիտվություն է, քանի որ նման պրոֆեսիոնալ դիվանագետի կողմից ոչ մի անգամ հենց այնպես պատահական հայտարարություններ չեն արվում: Սա Ռուսաստանի կողմից ակնհայտ քայլ էր՝ հասկացնելու կողմերին, որ պետք է վերջ տալ խուսափողական քաղաքականությանն ու անցնել հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելուն։
Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն միանշանակ չհերքեց Լավրովի խոսքերը և որոշակի ոչինչ չասաց․ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հերթական դիվանագիտական բառամթերքը։
Պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանությունը մոլորության մեջ է գցել հանրությանը՝ խոստանալով լինել թափանցիկ և ամեն ինչի մասին տեղեկացնել ժողովրդին և զուգահեռ պնդելով, որ սեղանին փաստաթուղթ չկա: Լավրովը բառացի ասաց, որ սեղանին կա փաստաթուղթ, և այն շրջանառության մեջ է դրվել 2019թ. ապրիլին:
Իր խոսքում Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախի հարցում բանակցային փաստաթուղթ գոյություն չունի, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հրապարակային հայտարարությունից հետո գոյություն ունեցող պնդումները միանգամից կասկածի տակ են դրվում, քանի որ չի կարելի հենց այնպես, օդում հայտարարել, որ Լավրովը ստում է, իսկ Նիկոլը հայտարարում է բացարձակ Աստվածաշնչյան ճշմարտություններ։ Փաշինյանն անընդհատ խոսում է հանրության հետ բաց ու թափանցիկ լինելու, նրանց ամբողջությամբ վստահելու և ոչինչ չթաքցնելու մասին, սակայն, իր գործողություններով քանիցս ապացուցում է հակառակը։ Եվ ուշագրավն այն է, որ հանրության մոտ հեղափոխական էյֆորիկ թմբիրի մեծ չափաբաժնի պատճառով մարդիկ չեն կարողանում սթափ դատել և հասկանալ, որ գործ ունեն հերթական ստի ու խաբկանքի հետ։
Նախօրեին ամբողջ լրահոսը Լավրովի արված հայտարարություններն էին ու դրանց վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները, որոնք հիմնականում քննադատություններ էին՝ ուղղված Փաշինյանի վարած արտաքին «փնթի» քաղաքականությանը։
Ինչպես և կանխատեսելի էր՝ Փաշինյանը, նրա PR ու կրեատիվ թիմերն այս բովանդակային քննադատության ալիքը հերթական անգամ շեղելու նպատակով՝ դիմեցին իրենց պահեստային տարբերակին․ տեսարանի ամբողջական ապահովման նպատակով անհրաժեշտ էր հերթական waօօ ձերբակալությունը կամ մեղադրանք հարուցելու փաստը, ինչը չուշացավ․ այսօր առավոտյան Փաշինյանին սպասարկող լրատվականները տեղեկատվություն տարածեցին, ըստ որի՝ «իրենց» տեղեկություններով՝ առաջիկայում մեղադրանք կառաջադրվի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։
Արդեն երկրորդ օրն է՝ Փաշինյանը լռում է․ մարդ, ով ամեն մի կենցաղային հարցի վերաբերյալ «լայվ» է անում, Լավրովի հայտարարությունից հետո համառորեն լռում է։ Փաշինյանի այս լռությունն առավել վտանգավոր է դառնում:
Մի առանցքային դիտարկում, որը պետք է միանշանակ ամրագրել ու անցնել առաջ․ եթե անգամ Լավրովի հայտարարությունում ինչ-որ թյուրիմացություն կամ տարընթերցում կար, ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը փարատի կասկածները, քանի որ Լավրովը շարքային երկրի հերթական նախարարը չէ։
Արմեն Հովասափյան