«Որքան էլ բարդ վիճակի մեջ հայտնված լինեն իշխանությունները, պետք է օգնել և փորձել դուրս գալ այդ իրավիճակից, եթե, իհարկե, դա իրենց ծրագիրը չէ»․ Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ

– Պարոն Զաքարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այս պահին բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում: ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ որևէ փաստաթուղթ չկա։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրականում կատարվում արցախյան բանակցություններում, ինչո՞ւ են նման հակասական հայտարարություններ հնչում։

– Իմ կարծիքով՝ Լավրովի հայտարարությունը միայն ռուսական կողմի հայտարարություն չէ, այլ արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Հակառակ դեպքում, եթե բանակցային սեղանին չլիներ քննարկվող փաստաթուղթ, ապա մյուս երկու համանախագահող կողմերը պետք է որ հերքեն կամ այլ հայտարարություն անեն: Հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ 2019-ից ինչ-որ նոր գործընթաց է սկսվել ԵԱՀԿ շրջանակում, որտեղ կամ մեր իշխանությունները ներգրավվել են, կամ էլ բանակցություններում չեն կարողանում բավարար կերպով առաջ տանել ինքնորոշման իրավունքի սկզբունքի անբեկանելիությունն ու առաջնայնությունը: Այս հարցում, որքան էլ որ բարդ վիճակի մեջ հայտնված լինեն իշխանությունները, պետք է օգնել բանակցողներին և փորձել դուրս գալ այդ իրավիճակից:

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը գոնե այս հարցում անկեղծ լինի Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի հետ: Այլապես վերջին պահին կարող ենք փաստի առաջ հայտնվել և վտանգել խաղաղ կարգավորման հնարավորությունները:

 – ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանն ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա էլ բառացի չասաց, որ ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում, ինչպես դա պնդում են իշխանության այլ ներկայացուցիչներ։

– Կա մի հանգամանք ևս. Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Արցախում ավարտվեցին նախագահական ընտրությունները, Հայաստանն էլ իրեն համարում է լեգիտիմ իշխանություն ունեցող և համեմատաբար նոր իշխանություններով երկիր: Հետևաբար, ըստ միջնորդների, որևէ խոչընդոտող քաղաքական հանգամանք չկա բանակցություններն առաջ տանելու համար:

Զոհրաբ Մնացականյանի պատասխանն իրոք որ անհասկանալի էր ու կրկին խնդրահարույց, բայց այս իրավիճակում թիվ մեկ քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է, որը և պետք է վճռական և հասկանալի կերպով հայտարարի Արցախի հարցում իրենց համոզմունքների մասին: Դա պետք է հենված լինի, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրացման հստակ և առաջնային պահանջով և բացառի զիջումների և պարտվողական տրամադրությունների որևէ հնարավորություն:

– Գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ նախորդ իշխանություններն են պատրաստ եղել զիջումների, իսկ իրենք զիջումների չեն գնալու։ Ինչո՞ւ են շարունակում սլաքներն ուղղվել նախորդ իշխանությունների կողմը այս պահին, կարծես թե,  հենց նախորդ իշխանության ներկայացուցիչներն են մտահոգված փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարություններով։

– Դա հասկանալու համար անհրաժեշտ է նորից կարդալ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը, որը տարածվել է 2020թ. հունվարի 31-ին ժնևյան 11 ժամանոց բանակցություններից հետո: Այնտեղ հստակ ասվում է հետևյալը․ «…Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»:

Այսինքն՝ նախարար Լավրովն ասում է այն, ինչ ասել են արդեն համանախագահներն այս տարվա հունվարին։ Ըստ դրա՝ ակնհայտ է, որ 2019թ. ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ:

Կարծում եմ, որ հենց այդ հիմքով է հրապարակ նետվել, այսպես կոչված, փուլային կարգավորման տարբերակը: Ինչ վերաբերում է մեզ վկայակոչելուն, ապա մենք ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը,  փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չենք քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակ, ավելին` այն համարել ենք անթույլատրելի, անիրագործելի և աներկբա մերժել ենք: Այսքանից հետո, դեպի մեր իշխանության տարիներ սլաքները թեքողներին առնվազն պետք է անմեղսունակ ճանաչել: Իսկ եթե, այնուամենայնիվ, անմեղսունակ չեն, ապա կրկին պատասխանատվությունից խուսափելու ձևեր են փնտրում:

Տեսանյութեր

Լրահոս