Բաժիններ՝

Դիմել ենք Կառավարությանը, 40 օր է՝ արձագանք չկա, տվել են 5 հեռախոսահամար, որոնց մարտի 18-ից  չեն պատասխանում.  Տրանսպորտային տուրիստական ընկերության տնօրեն

Տուրիստական ավտոբուսների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում՝ Կառավարության ուշադրությունը հրավիրելով իրենց խնդիրների վրա:

Ըստ ակցիայի մասնակից Տրանսպորտային տուրիստական ընկերության տնօրեն Արմեն Աբգարյանի՝ տուրիստական գործունեությամբ զբաղվելու և ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով հարյուրավոր վարորդներ վերցրել են խոշոր վարկեր, ձեռք բերել ժամանակակից ավտոբուսներ, իսկ հիմա չեն կարողանում սպասարկել իրենց վարկային պարտավորությունները:

«Այստեղ բոլորն ունեն վարկեր մինչև մի քանի հարյուր հազար դոլարի սահմաններում, դրանք պետք է սպասարկել, սակայն բանկերը խոստացել են ընդամենը երկարաձգել երկու ամսով: Երկու ամիսն այստեղ որևէ դերակատարում չի կարող ունենալ, որովհետև այս ոլորտը կարող է վերականգնվել 1,5 տարի  անց միայն: Առաջարկում ենք պետությանը՝ առնվազն մեկ տարով աջակցել վարորդներին և վարկերը սառեցնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աբգարյանը:

Նրա խոսքով՝ դեռևս մարտի 13-ին դիմել են Կառավարությանը, ու գրեթե  40 օր է  անցել, չեն ստացել որևէ արձագանք:

«Կառավարության ընդհանուր բաժնից մեզ տվել են 5 հեռախոսահամար, մարտի 18-ից զանգում ենք, որևէ մեկը չի պատասխանում: Եթե Կառավարությունից աջակցություն չունեցանք, գնալու ենք սնանկացման, ավտոբուսները քանդենք, մաս-մաս  վաճառենք»,- ասաց Աբգարյանը:

Ակցիայի մասնակից Տիգրան Ղահրամանյանի խոսքով էլ՝ պետությունը պետք է որոշում կայացնի, որ այս ոլորտն ուղղակի չկործանվի:

«Մարդիկ եթե Հայաստան չգան, այս թանկարժեք տրանսպորտային միջոցները կանգնելու են: Սա Հայաստանի տրանսպորտային տնտեսության մի կարևոր ճյուղ է, ուստի պետությունը պետք է ցուցաբերի կոմպլեքս լուծում: Մենք խոսում ենք և՛ մեր զարգացման ծրագրերին աջակցելու խնդրի մասին, որոնք այս տարի անկատար կմնան,  և՛ մեր վարկերի մասին, որոնց համար տուն-տեղ, ամեն ինչ գրավ ենք դրել, ուստի  առաջարկում ենք  ոչ միայն՝ սառեցնել վարկերը, այլ նաև՝ օգնել և ներդրումային ծրագրեր իրականացնել»,- ասաց Ղահրամանյանը:

Անդրադառնալով Կառավարության ընդունած տնտեսական աջակցության ծրագրերին էլ՝ Ղահրամանյանը հավելեց, որ իր տպավորությամբ՝ դրանք գրել են մարդիկ, որոնք ոլորտից որևէ բան չեն հասկանում:

«Այդ ծրագրերով ընդունվել են գործիքներ, որոնք, մեծամասամբ, չեն գործում, որովհետև, իմ տպավորությամբ, այն գրողը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում այդ ոլորտում:

Խոսվում է այն մասին, որ աջակցություն են հատկացնում երեք ամսով հարկերը վճարելու համար, բայց մենք խոսում ենք մեկ տարվա զարգացման ծրագրի մասին, և ոչ թե՝ միայն հարկերը  վճարելու մասին: Կամ՝ Կառավարության ընդունած մի աջակցության ծրագրով էլ դրամաշնորհ են հատկացնում մինչև 10 տոկոս շրջանառության չափով. Այդ ծրագրում պայմաններն այնպիսին են, որ հասկանում ես, որ գրողը տեղյակ չի եղել, որ տուրիզմը սեզոնային է և չի կարող հունվարից մինչև մարտ ամիսը մարդն ունենալ այն շրջանառությունը, ինչն ունենում է օգոստոս ամսին: Այս խնդիրներով հանդերձ, սակայն, դիմել ենք Կառավարության աջակցության ծրագրերին, մեզ մերժել են»,- ասաց Ղահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս