«Դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն անպայման մի օր հանդիպելու է պատասխանատվության իր բաժնի հետ, լինի դա քրեական թե կարգապահական». Հայկ Ալումյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն անպայման պատասխանատվության իր բաժինն է կրելու ստեղծված իրավիճակի հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության պատճառով չկայացած դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը, մինչև այժմ չի կայացել: Թեպետ երեկ, ինչպես և ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարել էր, Աննա Դանիբեկյանը, սպառելով անաշխատունակության թերթիկի վրա նշված բացակայության ժամկետը, ներկայացել էր աշխատանքի, բայց քիչ անց կրկին արձակուրդ մեկնելու դիմում էր ներկայացրել:
Ըստ տեղեկությունների` հաջորդ դատական նիստը կկայանա ս/թ մայիսի 8-ին:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ նախկին երեք և Արցախի Հանրապետության մեկ վարչապետները ներկայացրել էին անձնական երաշխավորության դիմում: Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Անուշավան Դանիելյանը պատրաստ էին ներկայանալ դատարան ու պնդել իրենց միջնորդությունը, սակայն նշանակված դատը մինչ օրս չի կայացել:
«Դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն անպայման մի օր հանդիպելու է պատասխանատվության իր բաժնի հետ, լինի դա քրեական թե կարգապահական: Ստեղծված իրավիճակում նա պարտավոր է վերաբաշխում կատարել ու անձնական երաշխավորության հարցի քննությունը տալ մեկ այլ դատավորի, ինչը համառորեն չի անում»,- ասաց Հայկ Ալումյանը` նշելով, որ ավելի վաղ դատական գործերը վերաբաշխելու խնդիրը ԲԴԽ-ն արդեն իսկ կարգավորել է համապատասխան որոշմամբ:
Խոսքը 2018թ. հուլիսի 9-ին ԲԴԽ նախագահի կողմից ընդունված 2 որոշումների մասին է:
Որոշումներից մեկը դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշերը և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին է, իսկ մյուսը վերաբերում է ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին որոշմանը:
Ի դեպ, այս պահի դրությամբ, ինչպես նշեց Հայկ Ալումյանը, իրենք դեռ չունեն փաստաթուղթ ոչ այն մասին, որ դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 8-ին, ոչ էլ մեկ այլ որոշում, ենթադրենք, վերաբաշխման վերաբերյալ