Փաշինյանը հրապարակայնորեն քննադատել է դատավորներին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման համար և հորդորել արգելափակել դատարանների շենքերը․ Amnesty International

Ապրիլի 16-ին հրապարակված «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության  «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և դրան հաջորդած իրադարձություններին։

Զեկույցի դատական համակարգին նվիրված հատվածի համաձայն, 2019 թվականի հունիսի 25-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են երրորդ անգամ՝ «սահմանադրական կարգը տապալելու» և կաշառք ստանալու վերաբերյալ 2018 թվականին նրան առաջադրած մեղադրանքների շրջանակում:

«Ըստ դատախազության վարկածի՝ նախկին նախագահը պատասխանատու է 2008թ. մարտ ամսին տեղի ունեցած բողոքի ցույցերն ուժի միջոցով ցրելու համար։

Ընտրությունների ընթացքում ենթադրաբար խախտումների դեմ բողոքի մասնակիցներին ցրելու ընթացքում, ինչի մասին հայտարարում էր այդ ժամանակի ընդդիմությունը, մահացել է 10 մարդ։

Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն և քաղաքական, մեղադրելով կառավարությանը դատական համակարգի նկատմամբ ապօրինի ճնշման համար: Երբ 2019 թվականի մայիսին դատարանը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ  արձակեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջեց դատական համակարգի համապարփակ բարեփոխում իրականացնել, հրապարակայնորեն քննադատելով դատավորներին՝ ազատ արձակելու այդ որոշման համար,  հորդորել իր աջակիցներին արգելափակել դատարանների շենքերը»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս