«Այն օրերի պիցցայի արժեքը չեմ հիշում։ Քանի միլիոնի են կերել` չգիտեմ։ Այդ պիցցաներից Նիկոլ Փաշինյանը կերե՞լ է, թե՞ ոչ՝ չգիտեմ». Աղվան Վարդանյան

Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊԻՑՑԱՅԱՊԱՏՈՒՄ

Գնանք 2008 թվական։ Մարտի 1-ի ողբերգությանը նախորդած փետրվար ամիս։ Բացենք «Առավոտ» օրաթերթի փետրվարի 26-ի համարը։ Կարդանք Ազատության հրապարակից արված մի ռեպորտաժ։

Հիմա «Առավոտը» թողնենք այստեղ, վերադառնանք 2020 թվական։
Բացենք Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի ապրիլի 11-ի համարը։ Կարդանք-մեջբերենք «2 միլիոն դրամ կամ 800 պիցցա» վերնագրով հոդվածը․

«Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը «հրապարակայնորեն արտահայտված զրպարտության համար» դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում»։ Հետո թվարկում են հայտնի հեքիաթները Մարտի 1-ի ողբերգության մեջ Ռոբերտ Քոչարյանին՝ այն ժամանակվա ընդդիմության, այսօրվա իշխանության կողմից վերագրվող «մեղքերը» ու եզրակացնում «հիմա այդ ամենի պատասխանատուն դատի է տալիս այդ ՆՈՒՅՆ ժողովրդի (2008-ին հրապարակում հավաքված) կողմից ընտրված վարչապետին ու երկու միլիոն դրամ (մոտ 800 պիցցա) պահանջում։

Մեկ միլիոն դրամը բաժանել են մեկ պիցցայի արժեքին ու ստացել 800 պիցցա։

Հիմա նորից վերադառնանք 2008թ․ «Առավոտի» ռեպորտաժին ու ընդարձակ մեջբերենք․

«Արդեն 5-րդ օրն է, ինչ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր թիմակիցներ են գիշերում։ Նրանցից շատերը ողջ գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ՝ խարույկների ու վառարանների շուրջ։ Հանրահավաքի 10 մասնակից նույնիսկ սկսել է հացադուլ անել։ Մեզ հետ զրույցում նստացույց անողներից շատերը հավաստիացնում էին, որ գիշերն աննկատ ու անգամ չափազանց հաճելի է անցնում, քանի որ ողջ գիշեր զրուցում են Լ․ Տեր-Պետրոսյանի հետ, պարում, երգում, ուտում-խմում եւ ուրախանում։ Նրանց հավաստմամբ՝ հրապարակում տեղադրված վրանների կարիքն էլ առանձնապես չեն զգում, քանի որ եկել են ոչ թե քնելու, այլ՝ պայքարելու․ «Ուտելիք ունենք՝ ինչքան ասեք։ Գիշերը երկու անգամ սնվում ենք։ Մեզ համար ՊԻՑՑԱ են բերում, լահմաջո, պերաշկի, պոնչիկ, երշիկ, բուտերբրոդներ, հազար տեսակի սոկեր։ Իսկ ցրտին դիմակայելու համար՝ ամեն օր մուրաբայով ու խմորեղենով թեյ ենք խմում»։

Այն օրերի պիցցայի արժեքը չեմ հիշում։ Քանի միլիոնի են կերել, չգիտեմ։ Այդ պիցցաներից Նիկոլ Փաշինյանը կերե՞լ է, թե՞ ոչ՝ չգիտեմ։

Բայց մի բան հիշեցնեմ՝ երբ Փարիզում արված արտահայտությունների համար Ռոբերտ Քոչարյանը դատի տվեց Նիկոլ Փաշինյանին, դատարանում նրա ներկայացուցիչը հայտարարեց, թե վարչապետը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել։

«Պատվի ու արժանապատվության» (նաեւ՝ տղամարդկության) ահա այսպիսի պիցցայակերական պատկերացում»:

Տեսանյութեր

Լրահոս