«Եթե մեզ ընդունում է լրջագույն Lufthansa Consulting-ը, մեզ վստահում են այլ պետություններ, շատ կցանկանայի հասկանալ՝ Տաթևիկ Ռևազյանն ի՞նչ հիմնավորմամբ է նման հայտարարություններ անում». Նատալյա Պողոսյան

Ապրիլի 14-ին տեսակապով ասուլիսի ժամանակ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադառնալով այն հարցին, թե վարչապետ Փաշինյանի` ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անցած տարեվերջին աուդիտորների խումբ է ցանկացել հրավիրել, որոնք կօգնեին լուծել ՔԱԿ-ի հետ կապված խնդիրները, մասնավորապես ասել էր.

«Մենք 30.000 դոլար էինք վճարելու այդ 3 հոգուն, գալու էին 7 օրով, տպելու էին փաստաթղթեր, բայց իրականում ոչինչ չէին անելու»: Վերջինս նշել էր նաև, որ այդ 3 հոգին փորձ էլ չեն ունեցել, այլ միայն աջակցել են ավիաընկերություններին:

Ավելի ուշ Հակոբ Ճաղարյանը հակադարձել էր ՔԱԿ ղեկավարին` պնդելով, որ այդ 3 մասնագետները ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը, ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն տրամադրելու, աուդիտ անցկացնելու և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ինքը ներկայացրել է ՔԱԿ ղեկավարին:

«Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերագնահատող և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթղթերը: Կամ ներողություն խնդրեք վարկաբեկման համար»,- գրել էր վարչապետի` արդեն նախկին խորհրդականը:

168.am-ը կապ հաստատեց Հակոբ Ճաղարյանի նշած 3 մասնագետներից Նատալյա Պողոսյանի հետ` փորձելով հասկանալ նախկին ու ներկա երկու պաշտոնյաների խոսքերի հակասությունների պատճառները:

Վերջինիս խոսքով` ինքն իր աշխատանքային գործունեությունը սկսել է դեռ «Հայկական ավիաուղիներից» 1999թ., հետո աշխատել է «Արմավիայում», որի սնանկացումից հետո իրեն հրավիրել են Ղազախստան, ուր գրեթե 7 տարի աշխատել է այդ երկրի` իր մեծությամբ  2-րդ խոշորագույն ավիաընկերությունում: Զբաղեցրել է որակի գծով տնօրենի պաշտոնը:

«Ես ինքս ավիացիոն աուդիտոր եմ, թռիչքային անվտանգության կառավարման համակարգերի մասնագետ, ունեմ բոլոր վկայականները` ընդ որում, ԻԱՏԱ-ից (IATA)` միջազգային կազմակերպությունից ստացած: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ներկայացնել բոլոր վկայականներն ու կառավարություններից ստացած պատվոգրերը: Նաև Lufthansa Consulting-ում կատարում եմ ֆրիլանսեր խորհրդատուի և աուդիտորի գործառույթներ, որի հետ ունեմ պայմանագիր: Գործող պայմանագիր ունեմ նաև Թուրքմենիայում»,- ասաց Նատալյա Պողոսյանը: Այն կոմերցիոն կազմակերպություն է, որը համակարգում է ավիաընկերությունները: Նրա պահանջները պայմանավորված են ԻԿԱՕ-ի ներկայացրած պահանջներով:

Մեր հարցին, թե ումի՞ց է ստացել առաջարկ` օգնելու երկրի ավիացիոն իշխանություններին, Նատալյա Պողոսյանը պատասխանեց, որ Հակոբ Ճաղարյանի հետ խոսակցություն է ունեցել այդ թեմայով դեռ Նոր տարուց առաջ:

«Այդ թիմում էին նաև 35-40 տարվա մասնագիտական աշխատանքի հարուստ փորձ ունեցող իմ հրաշալի գործընկերները` Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա) և Մարկո Մարունիչը (Խորվաթիա), ովքեր շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ունեն համապատասխան վկայականներ, ու մենք բոլորս աշխատում ենք տարբեր երկրների կառավարությունների հետ»,- նշեց ավիացիոն մասնագետը` հավելելով, որ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել նաև շատ գրագետ երիտասարդներ` անգլերենի փայլուն իմացությամբ, և իրենք որոշել էին օգնել, իրենց փորձն ու գիտելիքները ներդնել երկրի ավիացիան այս վիճակից դուրս բերելու համար:

Դիտարկմանը, թե Տաթևիկ Ռևազյանի խոսքով` իրենք աշխատել էին միայն ավիաընկերություններում և իրավասություն չունեին նշված աշխատանքը կատարելու, Նատալյա Պողոսյանն ասաց, որ իրենք ունեն ավիացիոն աուդիտորների սերտիֆիկատներ, որ իրենք կարող են  և իրավունք ունեն խորհրդատվություններ տրամադրել տարբեր երկրների կառավարություններին, ավիացիոն իշխանություններին, ինչպես նաև՝ ավիաընկերություններին:

Հարցին, թե ինչո՞ւ է ՔԱԿ ղեկավարը պնդում, որ իրենք իրավասություն չունեին փաստաթղթեր կազմելու, Նատալյա Պողոսյանն ասաց, որ ինքն էլ կցանկանար իմանալ, թե ինչի հիման վրա է Տաթևիկ Ռևազյանը նման եզրահանգման եկել:

«Այսինքն` եթե մեզ ընդունում է լրջագույն Lufthansa Consulting ընկերությունը, եթե մեզ վստահում են այլ պետություններ, եթե ես պատվոգիր եմ ստանում Ղազախստանի կառավարությունից` երկրի ավիացիայի զարգացման գործում ներդրում ունենալու համար, ես շատ կցանկանայի հասկանալ, թե Տաթևիկ Ռևազյանն ինչ հիմնավորմամբ է նման հայտարարություններ անում: Իրականում դա շատ վիրավորական է, և իմ ընկերներն էլ էին տարակուսած այդ հայտարարությունից»,- ասաց Նատալյա Պողոսյանը:

Եզրափակելով` Նատալյա Պողոսյանը հակադարձեց Տաթևիկ Ռևազյանի ևս մեկ հայտարարությանը` ասելով, որ խումբը պետք է աշխատեր ոչ թե 7, այլ 10-12 օր, և այդ աշխատանքը չէր նախատեսում միայն թուղթ տպել, այլ իր մեջ ներառում էր ցանկացած երկրի ավիացիոն ոլորտի հիմնարար փաստաթղթերի կազմումը, ինչպես նաև համապատասխան մասնագետների հետ այդ փաստաթղթերի կազմման, պահման, թարմացման և կիրառման  դասընթացներ անցկացնելը:

Տեսանյութեր

Լրահոս