«ՌԴ դեսպանությունը ի վիճակի չէ ոչ մի հարց լուծել, նրանք ոչ կոմպետենտ են». իրավապաշտպան
«Մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք գրավոր դիմում ՌԴ դեսպանություն: Մեզ ամեն անգամ ասում են, որ իբրև թե ՌԴ բոլոր սահմանները փակ են: Սրա հետ մեկտեղ՝ նրանք չեն կարողանում կազմակերպել Վրաստանի տարածքով մեր մուտքը դեպի Ռուսաստան»։
Ռուսաստանի Դաշնության դեսպանության մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՌԴ քաղաքացի, իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ մոտ 300 քաղաքացիների, որոնք արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան:
Քաղաքացիները դեռ մարտ ամսից մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ՌԴ-ի, Վրաստանի դեսպանատների դիմաց:
«ՌԴ քաղաքացիները այս պահին ստիպված մնացել են ՀՀ-ում, որովհետև ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը որոշել է ինքնամեկուսացվել: Ես երեկ ՌԴ ԱԱԾ-ի սահմանային ծառայությունից ստացա պատասխան, որտեղ ասվում էր, որ ՌԴ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն մտնել Ռուսաստան ցամաքային սահմանով:
Դեսպանատունը մեզ փոխանցել էր կեղծ տեղեկություն այն մասին, որ իբրև թե Ռուսաստանի բոլոր սահմանները փակ են: Բայց երեկ ստացած գրության մեջ ասվում էր, որ ՌԴ քաղաքացիները Լարսի անցակետով կարող են առանց որևէ խնդրի վերադառնալ ՌԴ: Այսինքն՝ մեր դեսպանատունն անգամ իր կայքում սխալ տեղեկություն է տեղադրում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ երբ Ռուսաստանի իշխանություններն իմացել են, որ Հայաստանում մնացած քաղաքացիները պատրաստվում են դիմել ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ՄԱԿ-ի մեքենաների ուղեկցությամբ կարողանան Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, նամակ են ուղարկել թե՛ ՄԱԿ, թե՛ Շվեյցարիայի դեսպանություն, ասել, թե իրենք պատրաստ են ավտոբուսներով իրենց քաղաքացիներին Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան:
«Բայց դա շատ վտանգավոր է, որովհետև եթե մի մարդ հիվանդ լինի, ապա ավտոբուսի բոլոր ուղևորները կվարակվեն: Բացի այդ, երբ անցնեն ՌԴ սահմանը, նրանց կմեկուսացնեն, և մարդիկ չեն կարողանա գնալ իրենց տները և ինքնամեկուսացվել: Բացի դրանից, ՌԴ մի մարզից մյուսը գնալը շատ դժվար է, ո՛չ օդանավ կա, ո՛չ գնացք, ո՛չ ավտոբուս, հետևաբար՝ վարակվելու ռիսկը շատ մեծ է»,- ասաց իրավապաշտպանը:
Հարցի միակ լուծումը, ըստ նրանց, սեփական մեքենաներով Վրաստանի տարածքով Ռուսաստան հասնելն է՝ ոստիկանների կամ ՄԱԿ-ի ուղեկցությամբ: Քաղաքացիները պատրաստակամ են հոգալ բոլոր մեքենաների ծախսերը:
Այսօր էլ, ինչպես նախորդ դեպքերում, քաղաքացիներին չհաջողվեց հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանության որևէ ներկայացուցչի հետ:
«Դժբախտաբար, արհամարհում են մեր դիմումները: Հույս ունեմ, որ դեսպանը դուրս կգա ու ինչ-որ պատասխաններ կտա, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում, չի կարելի սեփական երկրի քաղաքացիներին օգնել համարել: Նրանք, փաստորեն, ի վիճակի չեն ոչ մի հարց լուծել, նրանք անուժ են և ցույց են տալիս իրենց ոչ կոմպետենտությունը»,- նշեց քաղաքացին:
Որոշ ժամանակ սպասելուց հետո Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ, ըստ իրենց, խնդիրը կարող է կարգավորել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես նրան հավատում եմ: Նա հայրենասեր մարդ է և նա կմտածի ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև ՌԴ քաղաքացիների մասին, որովհետև, փաստորեն, մենք բոլորս «յան» ազգանունն ունենք: Ինձ թվում է՝ այս պահին մեզ լքեցին, որովհետև մեր բոլորի ազգանուններն ավարտվում են «յան»-ով: Մենք ոչ ոքի պետք չենք: Քանի անգամ ես մոտեցա դռանը, փորձեցի տեսնել դեսպանին, ոչ ոք մեզ չմոտեցավ:
Նորմալ չէ լքել մարդկանց նման իրավիճակում, վտանգի մեջ, կորոնավիրուսի հետ դեմ հանդիման: Դա ավելի վատ է, քան պատերազմական իրավիճակում ցանկացած քայլ: 300 մարդ մնացել է փողոցում, մարդկանց գումարը վերջացել է, մարդիկ քնում են մեքենաների մեջ, հասկացեք ու օգնեք: Օգնեք մեզ, ես հասկանում եմ, որ իրավիճակը դժվար է, բայց այս դեպքում միայն դուք կարող եք կապվել Վրաստանի իշխանությունների հետ և ապահովել ավտոմեքենաներով մեր տեղափոխումը դեպի Ռուսաստան»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Դավիթ Հարությունյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում