Բաժիններ՝

Արմեն Սարգսյանի որդիների նվիրատվության շնորհիվ հեռավար ուսուցման խթանման նպատակով Արցախին տրամադրվել են պլանշետներ և համակարգիչներ

Արցախում հեռավար ուսուցման կազմակերպումը դյուրացնելու և խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 13 պլանշետ և 4 համակարգիչ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվության շնորհիվ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի շահառու, Հարավի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Մինասյանն ասել է, որ ներկա պայմաններում դրանք շատ պահանջված են, քանի որ աշակերտների կողմից կա մեծ ցանկություն՝ մասնակցելու հեռավար ուսուցմանը, սակայն բոլորը չէ, որ այդ հնարավորությունն ունեն: Դպրոցի տնօրենի խոսքով՝ ուսումնական հաստատությունն ունի 35 աշակերտ:

«Դասապրոցեսը, իհարկե, ընթանում է, մենք էլ մեր հերթին հետևում ենք, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի, սակայն հեռավար ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ ունենա այդ հնարավորությունը, իսկ գյուղում բոլոր ընտանիքներում չէ, որ նման հնարավորություն կա»,- նշել է Հ. Մինասյանը: Նվիրատվության համար նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահի որդիներին՝ աջակցելու և ուսումնական գործընթացը այդ կերպ փոքր-ինչ դյուրացնելու համար:

Ծրագրի շահառու Մարտա Հայրիյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ ընտանիքում կա 4 երեխա: Զավակներից ավագը սովորում է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական կրթահամալիր»-ում, իսկ 3-ը հաճախում են Հարավի միջնակարգ դպրոց: Երեխաների մայրը նշում է, որ այս պայմաններում շատ դժվար է հեռավար ուսուցում կազմակերպելը, քանի որ միայն մայրիկի ունեցած հեռախոսով բոլոր երեխաները չեն հասցնում մասնակցել դասապրոցեսին:

«Ուսուցիչների կողմից տրվող հանձնարարությունները շատ են, իսկ տանը համակարգիչ չկա, որպեսզի այն ևս ծառայի հեռավար ուսուցման կազմակերպմանը: Փորձում եմ հետևել հանձնարարությունների կատարմանը, որպեսզի ուսումնական գործընթացը դրանից չտուժի»,- նշել է Մ. Հայրիյանը և համոզմունք հայտնել, որ նվերը, իրոք, պահանջված է. այն հաստատ կունենա իր դրական ազդեցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս