«Հին թղթադրամների վրա վիրուսը շատ ավելի հեշտ է մնում, դրա համար պաշարից հանել ենք նոր թղթադրամներն ու սկսել ենք օգտագործել»․ ԿԲ նախագահի թեկնածու
«Պաշտոնը ստանձնելուց հետո արդյո՞ք ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտելու, որպեսզի բացահայտեք ԿԲ-ում եղած չարաշահումները»,- խորհրդարանում ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Ի պատասխան՝ Մարտին Գալստյանն ասաց, որ չարաշահումների մասին բազմիցս խոսվում է, բայց ըստ նրա՝ խոսակցությունն առարկայական պետք է լինի․ «Այսինքն՝ կա՞ առարկայական ինչ-որ բան, որը ԿԲ տիրույթում է, ԿԲ-ն արել է վատ, քրեորեն պատժելի ձևով, ու մենք դա կոծկում ենք։ Եթե այդպիսի բան կա, պետք է դիմենք իրավապահներին ու գնանք դրա հետևից, լուծենք այդ հարցը։ Եթե նման բան չկա, ուրեմն՝ ստվերելու վտանգ եմ այդտեղ տեսնում։ ԿԲ-ում աշխատում են անբասիր, մաքուր, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր այս երկրի համար անում են ամենը, ինչ կարող են անել։ Եթե կան գործեր, եկեք՝ գնանք դրանց հետևից»։
Գևորգ Գորգիսյանը բարձրաձայնեց մեկ կոնկրետ դեպքի մասին․ «Ժամանակին այդ մասին խոսեցի, ցավոք, ոչ մի ընթացք չստացավ։ Նախորդ տարվա վերջին մենք թողարկեցինք նոր թղթադրամներ, այդ հին թղթադրամների նոր՝ ճռճռան տարբերակները բանկոմատը տալիս է դեռ։ Այսինքն՝ մենք ունեինք դրա բավարար պաշարներ, չկար դրա անհրաժեշտություն, բայց որևէ հիմնավոր պատասխան նույն ԿԲ-ի կողմից չեղավ, որ՝ այո, դրա պահանջարկը կար, որովհետև մաշվել էր։ Այստեղ կարող են լինել չարաշահումներ, և իմ ամբողջ հարցը դա է։ Եթե դուք ընդունել-հանձնելու պրոցեսում գտնեք չարաշահումներ, բարձրաձայնելո՞ւ եք այդ մասին, թե՞ ելնելով սոլիդարությունից՝ փորձելու եք կոծկել այդ ամենը»։
ԿԲ նախագահի թեկնածուն նշեց, որ չի ուզում պաթետիկ երևալ, բայց ըստ նրա՝ իրենց սոլիդարության միակ կետը հասարակությանը ծառայելն է․ «Եթե կան ինչ-որ դրվագներ, որ փողն այսպես է տպվել, բայց մենք պաշարներ ունենք, համոզված եմ, որ որոշումները կայացվել են՝ պահին ինֆորմացիայի բավարար մակարդակ ունենալու հիման վրա։ Ինչո՞ւ են նոր թղթադրամները հայտնվել բանկոմատներում, որովհետև որոշակի վերլուծություններ կարդացինք, որ հին թղթադրամների վրա վիրուսի վարակը շատ ավելի հեշտ է մնում, դրա համար պաշարից հանել ենք նոր թղթադրամներն ու սկսել ենք օգտագործել։ Իսկ այս նոր թղթադրամների հետ կապված՝ տարբերություններն էական են, իրենք ավելի շուտ են մաշվելու, ու շատ ավելի հարմար են օգտագործման տեսանկյունից, քան հները»։