«Հայաստանի իշխանություններն Արցախի ժողովրդից մանդատ չունեն՝ ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում». Զոհրաբ Մնացականյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքների վերաբերյալ:

«Կուզեի նաև իմանալ, թե այս ընտրություններն ինչպե՞ս են ազդում բանակցային գործընթացի վրա»,- հարցրեց պատգամավորը:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները մարդու իրավունքների կոնտեքստում Արցախի ժողովրդի հանրային կյանքը կառավարելու, մարդու իրավունքների իրագործում էր: Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորնտիր իշխանությանը՝շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվատնգությունը և ներկայացնել ժողովրդին խաղաղ գործընթացում:

«Այս երեք տեսանկյունից Արցախի ընտրությունները կարևոր նշանակություն ունեին: Հայաստանի իշխանություններն Արցախի ժողովրդից մանդատ չունեն՝ ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում, ՀՀ իշխանությունները եղել են և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու են կառուցողական ներգրավվածություն ունենալ խաղաղ գործընթացի մեջ, սակայն խաղաղ գործընթացն առնչվում է հարցերի, որոնք կենսական և առաջնային նշանակություն ունեն Արցախի ժողովրդի համար»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված միջազգային արձագանքներին, արտգործնախարարն ասաց, որ այդ արձագանքներում առաջնային նշանակություն ունեն այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմիններից.

«Առաջին հերթին նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահողներին: Նրանց հայտարարության մեջ շատ կարևոր էր այն շեշտադրումը, որ դրված էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը: Մեր մոտեցումն այն է, որ Հայաստանն աջակցում է մարդու իրավունքների աջակցմանը՝ անկախ տարածքների կարգավիճակից: Մենք դեռ առիթներ կունենանք արտահայտելու մեր մոտեցումը, և ոչ միայն՝ Արցախի հիմնահարցի կոնտեքստում»,- ասաց  Զ. Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Արցախում տեղի են ունեցել մրցակցային և ժողովրդավարական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս