Արայիկ Հարությունյանը դիմելու է ՀՀ կառավարությանը
Եթե համաճարակի ազդեցությունը շատ ծանր չլինի, Արցախի գյուղատնտեսության ոլորտում մեծ աճ է արձանագրվելու, այսինքն` եթե կարողանանք մարդկանց գոնե տանել աշխատանքի:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Որովհետև պիտի բերքահավաք, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնենք, պիտի տրակտորները, կոմբայնները աշխատեն, պիտի հավաքենք այդ բերքը, պահեստավորենք, վերամշակենք: Այս պարագայում գյուղատնտեսության աճ ենք ունենալու»,- նշեց նա:
Ըստ Արայիկ Հարությունյանի` պղնձի գների ահագին անկում է եղել, որն ազդելու է ֆինանսական արդյունքի վրա, ոչ թե՝ ՀՆԱ-ի աճի:
«Ինձ թվում է՝ անհրաժեշտություն կլինի քննարկել ՀՀ իշխանությունների հետ` լրացուցիչ ներգրավված միջոցներ, ոչ թե օգնություն` ուղղելու տնտեսության խթանմանը: Ես պատրաստվում եմ այդ առումով առաջիկայում հանդիպումներ ունենալ ՀՀ իշխանության հետ, սա կլինի թափանցիկ, կներկայացնեմ` ում հետ ինչ եմ քննարկել: Այդ քննարկման հիմքում լինելու է համատեղ իրականացնել ոչ միայն վարակի տարածման դեմ միջոցառումներ, այլև տնտեսական գործունեության կարևոր ուղղությունների մասով, սրանով նպաստելու ենք նաև ՀՀ տնտեսությանը, քանի որ պարենային անվտանգության առումով լուրջ անելիքներ ունենք: Դիմելու եմ և համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը, ինչպես միշտ, այնպես էլ ապագայում աջակցելու է Արցախի իշխանություններին»,- ասաց Արցախի նորընտիր ղեկավարը: