«Արդեն դատարաններն էլ, ինչպես քննչական մարմինները և դատախազությունը, հլու-հնազանդ ենթարկվում են վարչապետին ու կատարում նրա ցուցումները. էլ ի՞նչ իմաստ ունի վեթինգով վախեցնելը». Ավետիք Իշխանյան

Մարտի 25-ին խորհրդարանն օրենսդրական փաթեթ ընդունեց, որից պարզ դարձավ, որ Հայաստանում դատավորների վեթինգ չի իրականացվի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կուսումնասիրի դատավորների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը, այն գործարքներն ու եկամուտները, որոնք արձանագրվել են 2017 թ. հետո միայն։ Բացի այդ, բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ պարզաբանել էր` մարտի 25-ի փաթեթը, որպես այդպիսին, դատավորների վեթինգ չի ենթադրում։

168.amՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց, թե ինչու իշխանությունները և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այնքան դժգոհ էր դատական համակարգից, որ անգամ կոչ արեց շրջափակել դատարանների մուտքերը, հրաժարվեցին դատավորների վեթինգ իրականացնելու գաղափարից:

Վերջինս նախ հիշեցրեց, որ վեթինգը ենթադրում էր, որ օրենքով պետք է ստեղծվի մի հատուկ հանձնաժողով, հատուկ չափորոշիչներով, որն էլ պետք է որոշեր, թե այդ վեթինգն ինչպես պետք է իրականացվեր բոլոր դատավորների նկատմամբ: Ենթադրվում էր, որ այդ հանձնաժողովը բարձրակարգ մասնագետներից պետք է կազմված լիներ, որ կամայականություններ չլինեին:

«Ես չեմ ուզում հիմա խոսենք, թե որ երկրում ինչ արդյունավետություն է ունեցել վեթինգը, որովհետև դրա պատասխանն ինքս չունեմ: Բացի դրանից, մեծ մասամբ վեթինգն իրականացվել է այնտեղ, որտեղ կապ է եղել, ենթադրենք, մաֆիոզ կազմակերպությունների, արտասահմանյան սինդիկատների, թմրաբիզնեսի հետ և այն դեպքերում, երբ գործ են ունեցել մարդկության դեմ կատարված զանգվածային հանցագործությունների հետ»,- ասաց Ավետիք Իշխանյանը` հավելելով, որ, թեև Հայաստանում իր նշած հանգամանքները չկային, բայց փաստարկներ էին բերվում, և կարելի էր համաձայնել դրանց հետ, որ մեր երկրում դատական համակարգը հիմնականում կոռումպացված ու կախյալ է եղել ու պատվերներ է կատարել, և պետք է վեթինգ իրականացվի` այդ անարդարությունը վերացնելու համար:

Ավետիք Իշխանյանը, սակայն, տարակուսում է, որ վեթինգի մասին խոսում էին միայն դատական իշխանության վերաբերյալ, բայց չէ՞ որ դատարանը ողջ քրեական արդարադատության վերջին օղակն է, որից առաջ կան ոստիկանություն, ուր մարդը բերման է ենթարկվում, և հետաքննիչներն են աշխատում, ապա քննչական մարմիններ, դատախազություն, ապա նոր` դատարան: Եթե իսկապես նպատակ կար արդարությունը վերականգնելու, ապա վեթինգի պետք է ենթարկվեին բոլորը` սկսած ոստիկանությունից՝ մինչև դատավորներ:

«Ես ուղղակի այդ առիթով մի բան կուզենայի հիշեցնել: 1997թ. մի քաղաքական դատավարության ժամանակ դատավորներից մեկը, երբ նա մեզ հրավիրեց իր աշխատասենյակ, աչքերը լցրած՝ ասաց` ես չեմ ուզում տղաներին դատապարտել, բայց քաղաքական ճնշումը շատ մեծ է: Եվ նա արտասվելով, կմկմալով ասաց` բայց դուք գիտե՞ք` ինչ է կատարվում: Բոլորը` քննիչներ, դատախազներ, մոռացվելու են, միայն հիշվելու է դատավորի անունը»,- հիշեց իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը:

Հարցին, թե այդ դեպքում, այնուամենայնիվ, թեկուզ միայն դատավորների մասով, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ինչո՞ւ չի իրականացվելու վեթինգ, ինչո՞ւ իշխանությունները հրաժարվեցին այդ մտքից, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ իր համար պատասխանը շատ պարզ է:

«Նախ հիշենք մի կարևոր հարց, որ հենց իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը միանգամից, որպես գործիք՝ սկսեց օգտագործել նախկին իշխանություններից ժառանգած համակարգը` Ոստիկանական, Ազգային անվտանգության և քննչական մարմինները: Մի առիթով նույնիսկ՝ դժգոհելով դատարաններից, վարչապետն ասաց, որ քննիչները «կուկլա» գործեր են սարքում, բայց վախենում են՝ դատարան գնան, մերժվեն: Այսինքն, նախկինում նույն շինծու, պատվերով «գործեր» սարքած քննիչները «լավն» են, իսկ նրանց գործերը «դակող» դատավորները՝ վա՞տը։ Այսինքն` նա լիովին «վստահում էր», իսկ իրականում հանձնարարականներ էր տալիս այդ կառույցներին, որոնք հավատարմորեն կատարում էին նրա հրահանգները, բայց հավանաբար նրան երբեմն ասում էին, որ այսպիսի գործ այս մարդու վրա չեն կարողանա սարքել, որովհետև դատարանում այն կփլվի: Ըստ էության նրա ողջ ասածի իմաստը սա էր քննիչների ու դատարանների մասով»,- նկատեց Ավետիք Իշխանյանը:

Վերջինս նշում է, որ վարչապետի այս հռետորաբանությունը և 2018թ. հանրահավաքի ժամանակ նրա հնչեցրած սպառնալիքն ամբողջովին ուղղված էր դատավորներին ահաբեկելուն, այն դատավորներին, որոնք դեռևս իրեն չէին ենթարկվում:

«Այսինքն` վեթինգը սպառնալիք էր, ոչ թե իրական, մտածված գործիք, որ պետք է կիրառվեր»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նա հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի կապանյան ասուլիսը, որի ընթացքում նա միտք հայտնեց, որ արդեն գոհ է դատարանների աշխատանքից:

Իրավապաշտպանի կարծիքով` սա նշանակում է, որ նախ՝ գործադիր իշխանության ղեկավարը հերթական անգամ գնահատականներ է տալիս դատարանների աշխատանքին:

«Մեկ նա դատավորներին գնահատում է՝ որպես «վնգստացող», մեկ էլ ասում է, որ արդեն լավ են աշխատում: Ի՞նչ չափանիշերով է գործադիր իշխանության ղեկավարը գնահատական տալիս դատարաններին: Շատ պարզ, որովհետև քաղաքակիրթ երկրում, որքան էլ գործադիր իշխանության ղեկավարը դժգոհ լիներ դատարաններից, ձեռնպահ կմնար որևէ խոսք ասելուց: Մեզ մոտ ժողովրդի սիրելի առաջնորդը գնահատական է տալիս դատարաններին` նրանց աշխատանքն արդեն լավ անվանելով: Դա նշանակում է, որ արդեն դատարաններն էլ, ինչպես քննչական մարմինները և դատախազությունը, հլու-հնազանդ ենթարկվում են նրան ու կատարում նրա ցուցումները: Այս դեպքում էլ ի՞նչ իմաստ ունի վեթինգով վախեցնելն ու նրա մասին հիշելը»,- ասաց Ա. Իշխանյանը` հավելելով, որ այս համատեքստում, պարզ է, որ վեթինգ այլևս չի արվելու:

Ըստ Ավետիք Իշխանյանի` քանի որ հիմա Բարձրագույն դատական խորհուրդը և դատավորները` չնչին բացառություններով, ենթարկվում են վարչապետին, այլևս վեթինգ իրականացնելու կարիք չկա, իսկ նրանց հարցը, ովքեր չեն ենթարկվում, առանձին կլուծեն:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր պետք դատարանները շրջափակել, իրավապաշտպանը պատասխանեց, որ դա արդեն իր արդյունքը տվել է:

«Դատարանների շրջափակումը, դատավորներին ահաբեկելը, նրանց վեթինգով վախեցնելը, դատավորներից մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելը` հանկարծ հիշելով նախկինում նրա կատարած ինչ-ինչ արարք, այդ ամենը մի նպատակ ուներ` հպատակեցնել դատական համակարգը: Հիմա այլևս վեթինգով վախեցնելու իմաստ չկա»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս