100 հազարավոր թիվը կրկնում եմ՝ նախկինում համեստ ընդդիմադիր, հիմա՝ պաշտոն ստացած չինովնիկների համար. Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարության ընդունած սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել չկարողացող քաղաքացիներին կոչ էր արել օգտվել կուսակցության կողմից տրամադրվող խորհրդատվությունից, և հիմա մեզ են դիմում հարյուր-հազարավոր քաղաքացիներ: Շեշտում եմ հատուկ 100 հազարավոր թիվը՝ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած այն չինովնիկների համար, որոնք կարծում են, որ մեզ քաղաքացիներ չեն կարող զանգել:

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց   պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ներկայացնելով  իրենց զանգահարած քաղաքացիների դժգոհությունները:

«Ծրագրերը գրված են բարդ, խրթին, մարդկանց համար ընկալելի չեն, կան նաև բառեր, որոնք մարդկանց մոտ տարընթերցումների տեղիք են տալիս: Մարդիկ չգիտեն, թե որն է հանրային ծառայությունների համարանիշը, կամ որտեղից ձեռք բերել անհրաժեշտ տեղեկանքը: Մյուս խնդիրը կապված է ներդրված համակարգի հետ, որը  լավ չի աշխատում, ինչն առաջացնում է խուճապ: Ծրագրերից 6-րդ-ով ասվում է, որ քաղաքացին կարող է օգտվել ծրագրերից, եթե, օրինակ, աշխատանքից ազատվել է մինչև մարտի 30-ը, բայց հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ այդ ծրագրի շահառու չի կարող դառնալ նաև այն մարդը, որին աշխատանքից ազատել են մարտի 31-ին»,- քաղաքացիներից ստացած բողոքները ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ըստ Անի Սամսոնյանի՝ կառավարությունը պետք է ընդլայնի նաև 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը, որովհետև հասկանալի չէ, թե ինչու, օրինակ, ռեստորանային բիզնեսի համար սահմանված սահմանափակումների համար նախատեսվում է փոխհատուցում, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված սահմանափակումների դեպքում փոխհատուցման մեխանիզմ ներդրված չէ:

Տեսանյութեր

Լրահոս