Բաժիններ՝

«Այդ փակուղուց գյուղացուն հանել է պետք, որ կարողանա վարկերը նպատակային օգտագործել». Լյովա Խաչատրյան

«Գյուղատնտեսական աշխատանքներն սկսել են, կորոնավիրուսը մեծ ազդեցություն չի ունենում գյուղատնտեսության վրա։ Տարածության վրա՝ յուրաքանչյուրն իր հողի վրա աշխատում է, մեծ հաշվով, խնդիրներ չկան։ Միայն տեղաշարժի խնդիրն է մի փոքր դժվարություն առաջացնում, օրինակ, եթե քաղաքի մարդը գյուղում հող ունի, մի փոքր դժվարություններ են առաջանում»,- 168am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, ասաց, որ անհասկանալի է պարարտանյութի հարցը․ «Պարարտանյութը նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելի թանկ է, որովհետև չի սուբսիդավորվում։ Գուցե ճանապարհներն էլ փակ են, քիչ են բերում, դրա հետ է կապված նաև բարձր գինը։ Ընդհանուր առմամբ, աշխատանքները կատարում ենք, կորոնավիրուսը մեծ ազդեցություն չի ունենա»։

Լյովա Խաչատրյանը նշեց, որ գյուղացիներն արդեն սկսել են օգտվել կառավարության վարկավորման ծրագրից․ «Ինձ տեղեկացրին, որ անտոկոս վարկեր են տալիս, մարդիկ ստանում են․ 1 մլն դրամից սկսած՝ արդեն ստացողներ կան գյուղում։ Դա լավ է, որովհետև նախկինից վերցրած 30-40 տոկոսանոց վարկերը դեռ մարդկանց վրա են։ Թե որքանով արդյունավետ կլինի այս նոր վարկավորումը՝ գյուղատնտեսության վրա՞ կծախսեն, թե՞ կփակեն հին վարկերը, չեմ կարող ասել։ Այդ փակուղուց գյուղացուն հանել է պետք, որ կարողանա վարկերը նպատակային օգտագործել։ Որքանով նպատակային կօգտագործի, կախված է հին վարկերից։ Եթե մարդու վրա 30 տոկոսանոց վարկ կա, բնականաբար, այս վարկը կուղղի հին վարկը փակելուն և չի ունենա ռեսուրսներ՝ ապագա աշխատանքի համար»։

Նա նշեց, որ Արմավիրի մարզի որոշ համայնքներում ցրտահարության դեպքեր կան, թե ինչ չափերի՝ չգիտի։ Ինչ վերաբերում է ոռոգման հարցին, նա ասաց, որ Արարատյան դաշտում ջրի խնդիր այս պահին կարծես թե չկա․ «Ջրամբարները նախորդ տարվա մակարդակին են լցված, բայց սարերում ձյուն կա, դեռ ամբողջությամբ չի հալչել։ Ամեն դեպքում Ախուրյանում կարծես թե 100 մլն-ով ավելի ջուր կա, քան նախորդ տարի այս օրը»։

Հարցին՝ որոշ գյուղատնտեսներ ասում են, որ մեղուների անկման պատճառով փոշոտումը լավ չի կատարվել, և բերքի խնդիր կունենանք, նման խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց․

«Փոշոտման հետ կապված՝ չեմ կարող ասել․ կարծես թե՝ փոշոտումը նորմալ տեղի ունեցավ Արարատյան դաշտում։ Բայց թե ինչն է պատճառը, որ մեղուները սատկում են Արարատյան դաշտում՝ որոշ համայնքներում, ինձ համար անհասկանալի է, պետք է մասնագետներն ուսումնասիրեն։ Փաստը կա, որ մեղուները սատկում են»։

Մեղուների անկման վերաբերյալ ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել էր, որ փորձաքննությունն արվել է պարազիտային ու ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ,  պատասխանները բացասական են եղել,  հետևաբար, ըստ նրա՝ անկած մեղուները ոչ պարազիտային, ոչ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդություն չեն ունեցել։ Նրա խոսքով՝ դա թույլ է տալիս ասել, որ մեղուները թունավորվել են առվույտի դաշտերը թույնով սրսկելու հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս