Բաժիններ՝

«Մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի ՊԵԿ-ն ունենա տվյալներ այն անձանց շրջանակների ու տնտեսվարողների մասին, որոնք ունեցել են չգրանցված աշխատողներ». Տիգրան Ավինյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հարց բարձրացրեց չգրանցված աշխատողների վերաբերյալ,  հետաքրքրվելով՝ նրանց համար Կառավարությունը նախատեսո՞ւմ է որևէ սոցիալական աջակցություն: Դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ պատգամավորը նշեց. «Կան մարդիկ՝ 40-60  տարեկան, որոնք գրանցված աշխատողներ չեն, հղի չեն, չունեն 14 տարեկան երեխաներ և չեն կարող օգտվել սոցիալական որևէ փաթեթից: Այո, նման մարդիկ գոյություն ունեն, և նրանք ոչ թե տասնյակ են, այլև հարյուրավոր են կամ հազարավոր, նրանք աշխատում են՝ որպես դայակներ, ինչ-որ մարդկանց տներում մաքրուհիներ,  կամ զբաղվում են ծերերի խնամքով»:

Պատասխանելով հարցին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ գուցե կրկնվի, սակայն պետք է հստակ նշել, որ, երբ խոսում են չգրանցված աշխատողների մասին, ապա զուտ տվյալների արձանագրման տեսանկյունից՝ այդ անձանց տեղորոշելը շատ բարդ է, որպեսզի նրանց թիրախավորեն և աջակցեն:

«Սա է պատճառը, որ սոցիալական աջակցման ծրագրերը միտված են կոնկրետ չափորոշիչներ հաշվի առնելով, և մենք չենք ասել, որ ծրագրերն այսքանով ավարտվում են, ընդամենն ասել ենք, որ այս փուլում առաջնահերթությունը տրվում է  այս-այս անձանց և իրենց հարկային պարտավորությունները կատարած սուբյեկտներին ու գրանցված աշխատողներին: Համաձայն եմ, նման անձինք գոյություն ունեն, բայց նրանց տեղորոշելու համար մենք գործիք չունենք, որպեսզի հասկանանք, որ այս ֆիլտրով կդնենք ու նման անձանց կտեղորոշենք»,- հարցին պատասխանեց պարետը:

Արձագանքելով՝ պատգամավորը հակադարձեց, որ պարետի պատասխանը թույլ է տալիս ենթադրելու, որ Կառավարության  նախանշած ծրագրերն իրենցից ենթադրում են մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ կտան տեղորոշել և գտնել նշված թիրախային խմբերին: «Ես ճի՞շտ եմ Ձեզ հասկանում»,- հարցրեց Աննա Կոստանյանը:

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ սոցիալական ծրագրերը չափորոշիչներ են, որոնց թիրախային խմբերը կոնկրետ մարդիկ են, որոնք իրենց բազում հստակ տվյալներով արձանագրված են:

«Սոցիալական այս ծրագրերի շրջանակը մենք պետք է ընդլայնենք, այլ հարց է, որ մենք, այո’, պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն ունենա տվյալներ այն անձանց շրջանակների ու տնտեսվարողների մասին, որոնք ունեցել են չգրանցված աշխատողներ: Կրկնում եմ՝ պարտադիր չէ, որ այս տնտեսվարողների նկատմամբ կիրառեն տույժեր»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս