«Հուսով ենք, որ մինչև ապրիլի 20-ը մենք կկարողանանք էականորեն վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա». Տիգրան Ավինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկում էր արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ հիշեցրեց, թե մոտավորապես մեկ շաբաթ առաջ նա գրառում էր կատարել, որ վարակի տարածման գործակիցը հաջողվել է 2-ից ավելի մակարդակից նվազեցնել և հասցնել 1,4-ի, ապա ճշտող հարց ուղղեց. «Այսինքն՝ մեկ մարդը, եթե նախկինում միջինում երկու մարդու էր վարակում, ապա այժմ 1,4 է: Ձեր այսօրվա պրեզենտացիան, որը զուգահեռաբար ցուցադրվում էր, ներկայացված էր 0,8-0,9 գործակիցը, այսինքն՝ հիմա թիվը 1-ից ցածր է: Ուզում էի հասկանալ, հատկապես վերջին մեկ շաբաթվա դինամիկան ինչպե՞ս է եղել, և Ձեր կանխատեսումներով 0-0,5 միջակայքին ե՞րբ կհասնենք»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ունեցել են մի քանի խնդիր, օրինակ, մեկ օրում ունեցել ենք 11 արձանագրված դեպք, և այդ օրը գործակիցը հասել էր մոտավորապես 0,7-ի:
«Այս ամենից հետո, կարծում եմ՝ հասարակության մոտ նույնիսկ մի փոքր հանգստություն առաջացավ, մարդկանց տեղաշարժը մի փոքր աճեց, այս ցուցանիշը մի քանի փոփոխականի վրա է հիմնված, և այդ փոփոխականներից մեկը մարդկանց տեղաշարժի դինամիկան է, որը մենք հաշվարկում ենք որոշակի մեթոդաբանությամբ՝ օպերատորներից ստացված ագրեգատորների հիման վրա, ընդհանուր առմամբ մի փոքր աճեց, և մենք հասանք 1,1-1,2-ի, վերջին օրերին միտումը կրկին դեպի ներքև է:
Հուսով ենք, որ մինչև ապրիլի 20-ը մենք կկարողանանք էականորեն վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա և շուտով մենք կսկսենք արձանագրել վարակման ավելի քիչ դեպքեր, սա կնշանակի՝ որոշակի մարման միտում, սա զգուշավոր կանխատեսում է, հենց այս պատճառով մենք փուլ առ փուլ ենք գնալու ազատականացումների»,- շեշտեց նա: