Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև ժամկետային զինծառայողների շրջանում. նրանք մեկուսացված են եղել
ՀՀ զինված ուժերի այն զորամասը, որի զինծառայողների մոտ արձանագրվել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, վերադարձել է իր բնականոն գործունեությանը։ Ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Այսօր առավոտյան այդ զորամասում մեկուսացվածների թիվը զրո է, որովհետև, վերջին տվյալներով, այն զինծառայողները, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել, անցել են ծառայողական պարտականությունները կատարելուն։ Մնացած կազմը, որն անցել էր զորանոցային ռեժիմի, թեստավորվել է, բոլորի պատասխանները բացասական են։ Զորամասն անցել է իր բնականոն գործունեությանը»,- նշեց Օհանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել էր նմուշառում:
Հարցին` ժամկետայինների շրջանում եղե՞լ են վարակման դեպքեր, Սահակ Օհանյանը պատասխանեց. «Ունեցել ենք նաև ժամկետային մի քանի զինծառայող, որոնցից 3-ն արդեն դուրս են գրվել: Հուսով եմ, որ մոտակա օրերս մնացած ժամկետայիններն էլ դուրս կգրվեն»:
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը լրացրեց, որ ծնողների հետ կապ է հաստատվում, և նրանք տեղյակ են լինում ոչ միայն տղայի` վարակված լինելու, այլ նաև բուժման ընթացքի մասին:
Մեր տեղեկություններով, վարակված ժամկետայինները նախապես մեկուսացվածներից են եղել: