«Մենք էլ կարող ենք բանվորություն անել, կգնանք գյուղացու հետ կաշխատենք». Սերգեյ Բագրատյանն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում իրականացնել կոնկրետ քայլեր
Այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ այսօր խոսվում է երկու զուգահեռ իրականության մասին, առաջինը, որ կա հիվանդության նման ընթացք, երբ ամեն օր գրանցվում են կորոնավիրուսով նոր վարակվածներ, և երկրորդը՝ տնտեսության ներկայիս ընթացքը:
«Այս զուգահեռ երկու իրականությունը մի օր մեկ կետում հատվելու են, մենք նախապատվությունը տալու ենք կա՛մ առաջինին, կա՛մ երկրորդին, նախապատվություն տված կետը պետք է ճիշտ հաշվարկված լինի, արդյունավետ կառավարման համար առաջին պահանջը հենց սա է: Այս պահին մենք՝ որպես երկիր, որն առաջնահերթություն է հայտարարել գյուղատնտեսության զարգացումը, արդյո՞ք ճիշտ քաղաքականություն ենք համարում այն վարկային ներարկումները, որոնք նախատեսում ենք, սրա մասին խոսք չկա, այն դեռևս իր բուն ընթացքի մեջ չի մտել: Բայց այս պահին, որ մենք ցածր ռիսկայնություն ունենք աշխատելու, դա միայն գյուղատնտեսությունն է, որն ունի ամենացածր ռիսկերը: Օրինակ, ինչո՞ւ մենք չենք գնում հստակ քայլերի, որպեսզի հանձնարարենք, որ մարզպետներն ամբողջ չօգտագործված հողային ֆոնդի մասին տեղեկատվություն տան, մենք էլ այստեղ նստելու փոխարեն՝ գնանք այդ մարզեր ու մարզպետների հետ գիշեր ու ցերեկ աշխատենք, սերմացու ձեռք բերենք և գործն այսօրվանից սկսենք»,- նշեց պատգամավորը:
Պատասխանելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ գյուղատնտեսությունը եղել է այն ոլորտներից մեկը, որի վրա որևէ սահմանափակում չի կիրառվել, ինչը շարունակելու է նույն կերպ մնալ, և հետագա գյուղատնտեսական տարբեր շղթաների հետ կապված ոլորտներ առաջնային ցանկում են, որոնք պետք է ազատվեն սահմանափակումների ռեժիմից:
«Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, կարծում եմ, եթե այն ավելի հստակ լինի, գուցե մենք կարողանանք իրականացնել, եթե իմանանք, թե ինչ ծրագիր է առաջարկվում, ինչ խնդիր է լուծելու, և այլն, կարծում եմ՝ սա քննարկելի է, և պատգամավորների ներգրավվածությունը ողջունելի կլինի:
Կարևորը՝ արձանագրենք, թե ինչ նպատակ ենք հետապնդում և ինչ խնդիր ենք լուծում, եթե այս հարցերի պատասխանն ունենք, կարող ենք առաջ շարժվել»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:
Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանը որպես օրինակ նշեց, որ դարեր շարունակ Սիսիանի տարածաշրջանը համարվել է ցորենի շտեմարան, կամ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլագործությունն է զարգացած եղել՝ առաջարկելով, որ Սյունիքի մարզպետը կարող է տեղեկացնել, որ, օրինակ, կա պայմանական 10 հազար հեկտար հողատարածք, որտեղ կարող են աճեցնել հացահատիկային կուլտուրաներ:
«Այս տվյալները ստանալուց հետո պարետատունն արագ ներկայացնում է, թե այնտեղ ինչ գումարներ են անհրաժեշտ, ինչ բանվորական ուժ, և այլն, դրանից հետո էլ մենք էլ կարող ենք բանվորություն անել, կգնանք՝ գյուղացու հետ կաշխատենք: Ասածս ինչ է, մենք անելիքը մարզ առ մարզ պետք է կոնկրետացնենք և մեր պարենային անվտանգության խնդիրը լուծենք մեր ուժերի սահմաններում»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ արդեն իսկ նման գործողություններ իրականացվում են:
Հիշեցնենք, որ խորհրդարանը հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: