Բաժիններ՝

«Եթե Արմեն Ամիրյանը սրեր ունի ճոճելու, պետք է քննչական մարմինների դեմ ճոճի.  նա փոքր ֆիգուր է, որպեսզի իրեն պատասխանեմ». Հովհաննես Գալստյան

Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ կապված Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի և «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր  Հովհաննես Գալստյանի հետ:

Ըստ հաղորդագրության՝ Արմեն Ամիրյանը 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Հաղորդագրությունը տարածելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հանդես եկավ Արմեն Ամիրյանը՝ նշելով. «Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը։
Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։
Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե՝ տեսեք-տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։
Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ո՞ւմ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։
Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին, երբևէ գումար է տվել»:

168.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը նշեց, որ Արմեն Ամիրյանի գրառման միայն առաջին երեք տողն է կարդացել, և միանգամից այն ուղարկել է իր փաստաբանին:

«Ըստ էության, Արմեն Ամիրյանը պատասխանել է ոչ թե ինձ, քանի որ այդ գործի մեջ ես որևէ դերակատարում չունեմ, այլ պատասխանել է քննչական մարմիններին՝ նրանց համարելով բանսարկուներ, այսինքն՝ զրպարտություն է արել: Ասեմ, որ այս քրեական գործը հարուցվել է ոչ թե իմ հաղորդագրության հիման վրա, այլ Ազգային կինոկենտրոնի տնօրենի հաղորդագրության: Հետևաբար՝ Արմեն Ամիրյանին որևէ բան չունեմ ասելու, նա պետք է գա Հայաստան և պատասխան տա քննչական մարմիններին և վերադարձնի այն գումարը, որն իր հրահանգով վերցվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմից»,- նշեց կինոռեժիսորը:
Այլ հարցերի հետ կապված էլ նա նշեց, որ ընթանում է նախաքննություն, վստահում է քննչական մարմիններին և ավելացնելու այլ բան չունի:

«Ֆեյսբուքյան հիստերիկ գրառումներին էլ լուրջ չեմ վերաբերվում, այս ամենին կա միայն մեկ՝ իրավական ճանապարհ: Նշեմ, որ Կինոկենտրոնի կողմից մեր դեմ հարուցված գործն այլևս չկա, իմ կողմից հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: Այս գործից առանձնացված է Արմեն Ամիրյանի մասը, որի համար էլ քննչական մարմիններն ինձ տուժող են ճանաչել: Եթե Արմեն Ամիրյանը սրեր ունի ճոճելու, պետք է քննչական մարմինների դեմ ճոճի, նա փոքր ֆիգուր է, որպեսզի իրեն պատասխանեմ: Նրա մասնակցությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմին  սահմանափակվում է նրանով, որ ինքը գումար է խնդրել պարտքով՝ հետագայում վերադարձնելու պահանջով, բազմաթիվ վկաների առկայությամբ, հեռախոսային խոսակցություններով, որոնք, հույս ունեմ, որ քննչական ծառայությունը կվերծանի: «Տատիկիս վարսերը» ֆիլմով իմ վերաբերմունքը Ամիրյանի հանդեպ վերջին տեղում է, մենք Նազենի Ղարիբյանի հանձնաժողովի հետ ունենք խնդիր, որն ապօրինաբար կասեցրել էր ֆիլմը, Ամիրյանը փոքր պերսոն է այս ամենի մեջ: Բայց քննչական մարմինները նպատակահարմար են գտել առանձնացնելու այս գործը, ես ողջունում եմ, կաջակցեմ նրանց, և ֆեյսբուքյան նման գրառումներին էլ իմաստ չկա պատասխանելու»,- շեշտեց նա:

Նա վստահեցրեց, որ Արմեն Ամիրյանն իր նախարարական սենյակում նախարարի խոսք է տվել, որ վերցված գումարը կվերադարձնի:

Նա նաև տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված՝ բաց նամակով դիմել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո նույն գիշերն Ամիրյանն իրեն հրավիրել է նախարարություն և խոսք տվել, որ գումարը կվերադարձնի երկու ամսում, սակայն մեկ շաբաթ հետո նա հրաժարական է տվել, և հարցն այդպես էլ մնացել է:

«Մենք նպատակ չունեինք այս գործին անդրադառնալ, մինչև բոլոր դատերը չավարտեինք, սակայն քննչական մարմինները նպատակահարմար են գտել առանձնացելու գործը, որին ես միայն կողմ եմ, թող Ամիրյանը վերադառնա Հայաստան և պատասխան տա, անհամբեր սպասում եմ: Ուզում եմ նաև ասել, որ, եթե նա փորձի իմ անունն օգտագործել, ապա իր դեմ ևս մեկ հավելյալ քրեական գործ է գնալու՝ արժանապատվությունը վիրավորելու համար, խելոք թող գա և գումարները վերադարձնի»,- եզրափակեց նա:

Խնդրի հետ կապված՝ Կինոկենտրոնի տեսակետը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս