Բաժիններ՝

Եթե 30 միլիոնանոց մրցույթն է այսպես անցկացվում, բա «Զվարթնոց» օդանավակայանում մեծ թվերով գնումների դեպքո՞ւմ ինչ է տեղի ունենում. «Սկայ գրուպ»-ի փոխտնօրեն

2020 թվականի փետրվարի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարել է մաքրման ծառայությունների և սանիտարական աշխատանքների  իրականացման մրցույթ: Այս հայտարարությունն  անակնկալ էր, որովհետև 10 տարուց ավելի է՝ օդանավակայանում այդ աշխատանքն առանց որևէ մրցույթի  իրականացրել է «Ֆեկա-լյուքս» կազմակերպությունը: Երբ մեր կազմակերպությունը՝ «Սկայ գրուպ»-ը, լսեց հայտարարված մրցույթի մասին, որոշեց մասնակցել՝ հաշվի առնելով  նաև հեղափոխությունից հետո հնչեցված այն հայտարարությունները, թե  այլևս անընդունելի է ամենուր մեկ անձից կատարվող գնումները, և, որ մրցույթները պետք է լինեն պարտադիր:

168.am-ի հետ զրույցում ասաց «Սկայ գրուպ»-ի փոխտնօրեն Անի Մաթևոսյանը:

«Սկզբում մրցույթի պայմանները շատ խիստ էին, և  դրանց  կարող էին բավարարել մեկ-երկու կազմակերպություն: Օրինակ՝ պահանջներից մեկով պարտադիր էր 60 հազար քմ ներքին տարածք մաքրելու փորձը: Իհարկե, մեր կազմակերպությունը շատ մեծ է, և այդ պահանջին մենք համապատասխանում էինք, սակայն, քանի որ ցանկանում էինք, որ  մրցույթին հնարավորինս շատ կազմակերպություններ մասնակցեն և արդար մրցակցություն լինի, ներկայացվեն տարբեր գնային առաջարկներ, ես նամակ ուղղեցի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեին և գնումների վարչություն՝ Գուրգեն Սարգսյանին՝ պահանջները մեղմելու խնդրանքով: Վենդեից պատասխան չստացա, իսկ գնումների վարչությունից ինձ նամակով հայտնեցին, որ մրցույթի պահանջների մեջ փոփոխություններ կկատարվեն»,- ասաց  Անի Մաթևոսյանը:

Ընկերության փոխտնօրենը նշեց, որ իրենց կազմակերպությունը մրցույթին ներկայացել է 1500 էջից բաղկացած փաթեթով, իսկ մրցույթին մասնակցել է 4 կազմակերպություն:

«Մենք էինք, «Ֆեկա-լյուքս»,  «ՔԼԻՆԵՐՍ»,  «Քլին Լայն» կազմակերպությունները: Մրցութային հանձնաժողովի անդամները չէին ցանկանում բացել «Քլին Լայն» կազմակերպության ներկայացրած փաթեթը, քանի որ ընկերությունից որևէ մեկը ներկա չէր: Նրանց կողմից ներկայացված էր մի ծրար՝ մի քանի թղթով: Այդ ծրարը  բացվեց միայն այն ժամանակ, երբ մեր իրավաբանն ասաց, որ ծրարը չբացելը օրենքի խախտում է, և մրցույթի անցկացումը հետագայում այդ կազմակերպությունը կարող է վիճարկել դատարանում: Հաջորդ տարօրինակությունը կապված էր նրա հետ, որ մրցութային հանձնաժողովը չէր բարձրաձայնում մրցույթի մասնակից 4 կազմակերպությունների ներկայացրած գնային առաջարկները:

Երկար բանավեճից հետո բոլորս մեր գնային առաջարկի էջում ստորագրեցինք, որպեսզի հնարավոր չլինի՝ գնառաջարկը հետո որևէ  մասնակից կազմակերպություն փոխի»,- ասաց  փոխտնօրենը՝ հավելելով, որ, թեև մարտի 17-ին նշանակված էր ևս մեկ նիստ՝ մրցույթին մասնակցած կազմակերպությունների գնառաջարկների իջեցման բանակցությունների համար, սակայն մարտի 16-ի երեկոյան ստացել են նամակ, որ մասնակից 4 կազմակերպություններից որևէ մեկն անհրաժեշտ որակավորումը չի անցել, հետևաբար՝ 17-ին նշանակված գնիջեցման նիստը չի կայանա:

«Այստեղ հարց է առաջանում, թե ինչու չենք անցել այդ որակավորումը. Չէ՞ որ մենք ներկայացրել էինք ավելի շատ փաստաթուղթ, քան պահանջել էին. Օրինակ՝ մրցույթի պահանջն էր՝ ներկայացնել աշխատողների թվի  և աշխատանքային փորձի մասին հայտարարություն, սակայն մենք ներկայացրել էինք նաև 140 աշխատակցի հարկային հայտերը՝ երկկողմանի ստորագրությամբ: Մեզ չէին որակավորել, իբրև թե  5 տարվա աշխատանքային փորձ չունենք, բայց մրցութի մեր փաթեթում փաստաթղթեր էինք ներկայացրել՝ 2015 թվականից սկսած յուրաքանչյուր ամսվա համար հարկային հաշիվ-ապրանքագրերով, պայմանագրերով և այլ ակտերով, իսկ թե ինչպես չեն տեսել այդ 5 տարվա ստաժը՝ չգիտեմ»,- ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ օդանավակայանում անցկացված գնումների մրցույթի արդարացիության վերաբերյալ արդեն լրջագույն կասկածներ ունենալով՝ դարձյալ նամակներ է ուղղել  պատասխանատուներին և  ստացել օդանավակայանի փոխտնօրեն  Սերգեյ Ավետիսյանի  նամակն այն մասին, որ նոր մրցույթ կհայտարարավի:

«Ինձ համար արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենում օդանավակայանում: Վարչական բողոք ուղարկեցինք Ֆինանսների նախարարություն, որտեղից թեև ասել էին, որ ապրիլի 2-ին տեղի կունենա նիստ, սակայն հետո հայտնեցին, որ նիստը հետաձգվելու է, քանի որ օդանավակայանից փաստաթղթեր են պահանջել և չեն ստացել: Չնայած ասացին՝ ուզում են հետաձգել, ես պնդեցի և գնացի:

Նիստը վարում էր գնումների բողոքները քննող Գրիգոր Ներսիսյանը, նիստը համարեց  կայացած, բայց քանի որ օդանավակայանից պահանջված փաստաթղթերը դեռ չէին ստացել, ասաց, որ կնշանակվի ևս մեկ նիստ: Իմ հարցին՝ իսկ քանի՞ օրվա ընթացքում պետք է օդանավակայանը փաստաթղթերը ներկայացնի, Երիցյանն ասաց, որ չգիտի, ինչն ինձ համար  զարմանալի էր:  Տարիօրինակ էր նաև, որ նիստի ընթացքում ներս մտավ մրցույթին մասնակցած «ՔԼԻՆԵՐՍ» ընկերության ղեկավարը, բանավոր ասաց, թե բողոք ունեն, բայց մինչև հիմա գրավոր որևէ բան չեն ներկայացրել»,- ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ այսքանով  տարօրինակությունները չեն ավարտվել. դրանց ավելացել է ևս մեկը:

Ըստ Մաթևոսյանի՝ գնումների բաժնի ղեկավար Գրիգոր Ներսիսյանի անունից գնումների կայքում նախ հրապարակվել է, թե ապրիլի 9-ին պետք է հրապարակվի մրցույթի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը, սակայն ավելի ուշ այդ հայտարարությունը հեռացվել է և տեղադրվել նորը՝ մրցույթն անժամկետ կասեցնելու մասին:

«Հիմա, եթե դուք գնումների բաժնում ձեր ձեռքում արդեն ունեք որոշում, այդ ի՞նչ պատահեց, որ հիմա նիստն անժամկետ հետաձգում եք»,- ասաց  փոխտնօրենը:

Ամփոփելով միտքը՝ Անի Մաթևոսյանն ասաց, որ մասնակցելով   «Զվարթնոց»  օդանավակայանի հայտարարած մրցույթին՝ եկել է այն եզրակացության, որ այս մրցույթը եղել է ձևական, և օդանավակայանի միակ ցանկությունն այն է, որ, ինչպես տասը տարի առանց մրցույթի մաքրման աշխատանքներն իրականացրել է «Ֆեկա-լյուքս» կազմակերպությունը, այդպես էլ շարունակեն հիմա միասին աշխատել:

«Պատկերացնո՞ւմ եք, մեր պարագայում խոսքը գնում էր ամեն ամիս  30 մլն դրամի մասին, եթե մրցույթում հաղթեինք: Եթե մաքրման աշխատանքների համար են մրցույթներն այսպես իրականացվում, բա պատկերացնո՞ւմ եք, թե մեծ  թվերով գնումների հարցում ինչ է տեղի ունենում «Զվարթնոց» օդանավակայանում»,- խոսքը եզրափակեց «Սկայ գրուպ»-ի փոխտնօրեն Անի Մաթևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս