«Դատելով մամուլի հրապարակումներից և Մասիս Մայիլյանի դիրքից, երկրորդ փուլի արդյունքները կանխորոշված կարելի է համարել». Ցինկեր
Հայ և ռուս որոշ քաղաքագետներ այն կարծիքին են, որ Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի իշխանությունը հետագայում ունենալու է թույլ լեգիտիմություն, որը հարմար պահի համապատասխան ուժերի կողմից «խաղացվելու է»: Այսինքն` հեշտ չի լինելու երկրի ղեկավարումը:
168.am-ի հետ զրույցում իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն Արցախի նոր իշխանությունների լեգիտիմության առնչությամբ նշեց.
«Այո, ես համաձայն եմ, որ կորոնավիրուսի համաճարակի և միջազգային դիտորդների ու ԶԼՄ-ի բացակայության պայմաններում Արցախում տեղի ունեցած ընտրություններն ազդում են Արցախի նոր իշխանության լեգիտիմության շոշափելիության մակարդակի վրա»:
Լրացմանը, որ որոշ քաղաքագետներ «թույլ լեգիտիմություն» ասելով, նկատի ունեն, որ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, մեծ հաշվով, չի լինելու մրցակցություն` հաշվի առնելով թեկնածուներից Մասիս Մայիլյանի բռնած դիրքը և այն, որ նա, ըստ էության, «բուտաֆորիկ» թեկնածու է լինելու, Ցինկերն ասաց, որ դատելով մամուլի հրապարակումներից և Մասիս Մայիլյանի դիրքից՝ երկրորդ փուլի արդյունքները կանխորոշված կարելի է համարել:
«Դա, իհարկե, ամենահաճելի երևույթը չէ հաղթողի համար: Հարցն այն է` հասարակության մեջ երկար կպահպանվի՞ ընտրական գործընթացից բավարարված չլինելու զգացողությունը: Այսինքն` այն արագ կմոռացվի՞, թե՞ ընդդիմությունն ամեն ժամանակ դրա վրա շեշտադրում կանի»,շեշտեց քաղաքագետը:
Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ Արցախում կան օջախներ, որոնք հարմար պահի կարող են ապակայունացնել իրավիճակը, Ցինկերը պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ չի տիրապետում համապատասխան որևէ տեղեկության:
Ինչ վերաբերում է, առհասարակ, Արցախում տիրող քաղաքական վիճակին, իսրայելցի քաղաքագետը նշեց, որ դժվար է այն գնահատել` ելնելով մի քանի հրապարակումներից:
«Կարծում եմ` պետք է սպասել ընտրական գործընթացի ավարտին և լսել հաղթողների քաղաքական ծրագրերը, այդ ժամանակ էլ կխոսենք»,- եզրափակեց Ցինկերը: