«Ֆուտբոլիստները, մարզիչները, առհասարակ բոլոր մարդիկ հիմա այնպիսի իրավիճակում են հայտնվել, որում երբևիցե չեն եղել»

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է կորոնավիրուսից պաշտպանվելու, կարանտինի պայմաններում մարզումներ անցկացնելու, տղաների խանդավառության ու շատ այլ թեմաների մասին:

Ժամանակավորապես Ռուսաստանում գտնվող մարզչի հետ «Ուրարտու»-ի մամուլի ծառայության հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջապես:

– Ինչպե՞ս եք Ձեզ զգում, ի՞նչ իրավիճակ է այն քաղաքում, որտեղ այժմ բնակվում եք։

– Ռուսաստանում, ինչպես շատ այլ երկրներում, ամեն ինչ շատ խիստ է։ Երբ Երևանից եկա այստեղ, 4-5 օրում ամեն ինչ փոխվեց։ Հայաստանում ճիշտ ժամանակին հայտարարվեց արտակարգ դրություն։ Պարզ է, որ մեկուսացված լինելուց բացի, հիմա այլ բանի մասին մտածել չենք կարող։ Ֆուտբոլիստները, մարզիչները, առհասարակ բոլոր մարդիկ հիմա այնպիսի իրավիճակում են հայտնվել, որում երբևիցե չեն եղել, ուստի շատ կարևոր է պահել լավ, դրական տրամադրվածությունը, խոսքը վերաբերում է հատկապես ֆուտբոլիստներին, որովհետև նրանց գործունեությունը կապված է ծանրաբեռնվածության, մարզումների, մրցաշարերի հետ, իսկ հիմա այդ ամենը բացակայում է։ Դրա համար շատ կարևոր է պահել այդ տրամադրվածությունն ու անել ամեն ինչ՝ մարզավիճակը պահելու համար։

– Ֆուտբոլիստները մարզվում են մարզչական շտաբի տրամադրած ծրագրով։ Համացանցում արդեն հրապարակել ենք մի քանի տեսանյութ, որտեղ նրանք մեծ խանդավառությամբ աշխատում են։ Կարո՞ղ ենք ասել, որ կարանտինից հետո նրանք կվերադառնան լավ մարզավիճակով։

– Մեր առաջարկած աշխատանքի տարբերակը մեծ ոգևորվածություն առաջացրեց տղաների շրջանում։ Թիմում կան առաջատարներ, որոնք ոչ միայն խանդավառությամբ են աշխատում, այլև դրանով վարակում են մյուսներին։ Տղաները մարզվում են, հետո էլ իրենց աշխատանքի տեսանյութերն ուղարկում մեզ։ Բոլորը, առանց բացառության, այնպես լրջորեն են աշխատում, որ ես, որպես մարզիչ, սկսեցի մտածել նախապատրաստական փուլի, մարզումային պրոցեսի մասին, որովհետև, տեսա, թե նրանք ինչպես են աշխատում, այստեղ նույնիսկ «աշխատանք» բառը չի կարելի կիրառել, նրանք ասես ստեղծագործում են՝ սեփական որոշումներով։ Ստեղծված իրավիճակին տղաները վերաբերվում են և՛ հումորով, և´, միաժամանակ, բարձր ինքնանվիրումով։

Նրանք իրենց պահում են տոնուսի մեջ, և դա թույլ է տալիս թիմում ճիշտ մթնոլորտ ստեղծել։ Այս օրերին ահռելի աշխատանք է կատարում իմ օգնական Արսեն Պետրոսյանը, որն ինձ ուղարկում է տղաների մարզումների տեսագրությունները։ Եվ եթե դրանք նայելու համար ինձնից 2-3 ժամ է պահանջվում, պատկերացնում եմ՝ որքան ժամանակ է նա ծախսում դրանք պատրաստելու համար։ Ես կարծում եմ, որ եթե տղաները նման ոգով շարունակեն, բնականոն մարզումները վերսկսելուն պես, նրանք արդեն կարող են իրենցով հպարտանալ, որ կարողացել են այս իրավիճակում իրենց նման կերպ դրսևորել։

-Այս պահին առաջնության վերսկսման 3 տարբերակ է քննարկվում, մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիս վերջ։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կդասավորվի ամեն ինչ, և ինչպիսի՞ն եք տեսնում ֆուտբոլի ապագան։

– Իմ կարծիքով, ամենաօպտիմալ ժամկետը 3-րդ տարբերակն է։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի ապագային, կասեմ, որ այս կարանտինը կունենա որոշակի հետևանքներ, քանի որ մարդիկ առաջին անգամ են բախվում նման երևույթի։ Ամեն ինչ պետք է դիտարկել առաջընթացի տեսանկյունից։

Օրինակ՝ հենց կորոնավիրուսը, որը շատ մարդկանց դժբախտության պատճառ է դառնում, չի կարող միակողմանի լինել, ինչ-որ բան նրանում պետք է նաև դրական լինի։ Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։ Այս ամենը կարող է օգուտ բերել ֆուտբոլին։ Կորոնավիրուսային այս ընդմիջմամբ պայմանավորված, իմ կարծիքով, շատ թիմեր կդադարեցնեն իրենց գոյությունը, բայց այսպիսի իրավիճակը ֆուտբոլում կմեծացնի մրցակցությունը։ Գուցե ֆուտբոլիստների նոր սերունդ ի հայտ գա՝ նոր մտածելակերպով։ Սա վերաբերում է բոլոր մարզաձևերին։ Կարծում եմ, ոչ միայն ֆուտբոլային ոլորտը, այլ ամբողջ աշխարհը կփոխվի այս ամենից հետո։

Տեսանյութեր

Լրահոս