Բաժիններ՝

«Այս պահին հարցը քննարկվում է՝ առկա են մի քանի տարբերակներ». Վարչապետի խոսնակը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

Երեկվանից խոսակցություններ են շրջանառվում, որ կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է ևս մեկ ամսով երկարաձգել, այսինքն՝ մինչև մայիս 14-ը: Նշենք, որ արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 16-ին, որն ավարտվելու է ապրիլի 14-ին:

168.amվարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ կա՞ն, և դրա հետ կապված խոսակցությունները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

«Այս պահին ընթանում են քննարկումներ՝ կապված արտակարգ դրությունը երկարաձգելու, չերկարաձգելու, կամ՝ ինչ ռեժիմ պետք է կիրառվի հարցերի շուրջ, հետևաբար՝ այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, բայց հարցը քննարկվում է, և առկա են մի քանի տարբերակներ, թե որ տարբերակը կընդունվի՝  պարզ կլինի մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը: Երբ վերջնական որոշում լինի, մենք պաշտոնապես դրա մասին կտեղեկացնենք լրատվամիջոցներին և հանրությանը»,- ասաց Մանե Գևորգյանը:

Հարցին՝ որոշում ընդունելիս արդյո՞ք հաշվի կառնեն խորհրդարանական ընդդիմության կարծիքները, քանի որ նրանց կողմից տարբեր տեսակետներ են հնչում արտակարգ դրությունը երկարձգելու վերաբերյալ, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ որոշումը կայացնելիս որպես հիմք դիտարկվում է իրավիճակը՝ վարակվածների թիվը, դինամիկան և այլն:

«Իհարկե, այս պահին մենք լսում ենք և տեղեկացված ենք, թե ինչ են մեզ ասում ընդդիմադիրները, և այլն, բայց որոշումը կայացվելու է Կառավարության ներսում՝ հաշվի առնելով նշածս մի շարք հանգամանքները»,- եզրափակեց Մանե Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս