Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ն իր ուրույն դերը կունենա ֆրանսերենի զարգացման գործում. Ֆրանսուա Ռոշբուլան
ԱՀ կառավարության, Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի և «Ֆրանսախոսությունն Արցախում» հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ արդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտում սկսվել են «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի կառուցման աշխատանքները:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայում լույս տեսնող «Ֆրանսախոսությունն Արցախում» պարբերականի երկրորդ համարում գրել է Ֆրանսուա Ռոշբուլանը, ով հանդիսանում է համանուն հասարակական կազմակերպության պատասխանատուն:
Նրա խոսքով՝ այդ աշխատանքները ձեռնարկվել են մի հանրապետության փոքրիկ մայրաքաղաքում, որտեղ, կարծես թե, բոլորն իրար ճանաչում են, և յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում այդ ազգային առաքելության մեջ:
«Այդ առաքելությունը «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնի սեփական շենք ունենալն է, որի նպատակն է տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստումը ֆրանսերենից՝ ավելի լավ պայմաններում: Բոլորիս համար հստակ է դառնում մի բան. մենք ոչ թե շենք ենք կառուցում, այլ կերտում ենք ապագա: Լինելով թե՛ գյուղատնտեսներ, թե՛ բժիշկներ, թե՛ շինարարներ՝ «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնի ուսանողները ոչ միայն սովորում են ֆրանսերեն, այլև՝ իրականում նրանք մեթոդների ու մտածելակերպի մի նոր բնագավառ են մտնում, որն էլ իր հերթին նրանց թույլ կտա մուտք գործելու գլոբալացված աշխարհի ընդարձակ հարթակներ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ կենտրոնում դասավանդումն սկսվել է 2015 թվականից. հենց նրա որոշմամբ՝ «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնը նախագծվել է՝ որպես Արցախը շրջափակումից դուրս հանելու մի գործիք:
Դասընթացներն սկսվել են հենց 2016 թվականից, սկզբում դրանք կազմակերպվել են առողջապահության, իսկ այնուհետև զբոսաշրջության ոլորտների մասնագետների համար: Ֆրանսերենի մասնագետներն այսօր շարունակում են դասընթացները՝ համագործակցելով ԱՀ Կառավարության հետ: Բայց դասասենյակներն օպտիմալ և ընդարձակ չեն»,-գրում է Ֆ. Ռոշբուլանը՝ նշելով, որ Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամն իր ուրույն դերը կունենա ֆրանսերենի զարգացման գործում:
Նա իր խոսքում մասնավորապես ավելացրել է, որ կենտրոնի կառուցումը կերաշխավորի օպտիմալ դասավանդման պայմաններ, որոնց կարիքն այսօր զգացվում է: Վկայելով Ֆրանսիայի` խաղաղության և զարգացման նպաստումը՝ կենտրոնը լիովին կմասնակցի Ֆրանսիայի մասին իրազեկմանը հարավային Կովկասում: