
«Ֆիզարձակուրդում գտնվող կանայք չեն կարող օգտվել սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրից». ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար

Ֆիզարձակուրդում գտնվող կանայք չեն կարողանա օգտվել Կառավարության՝ Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Այս ծրագրով նախատեսվում է 0-18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին 26.500 դրամ տրամադրել, եթե երեխաների երկու ծնողներն էլ կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել աշխատանք, չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի մարտի 12-ից-մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ դե յուրե չեն աշխատում:
«Ֆիզարձակուրդում գտնվող կանայք այս խմբի մեջ չեն մտնում, քանի որ ֆիզարձակուրդը փաստացի համարվում է աշխատանք: Ֆիզարձակուրդում գտնվող կինը ստանում է երեխայի խնամքի նպաստ, այդ իսկ պատճառով այն ընտանիքները, որոնցում կա ֆիզարձակուրդում գտնվող կին, չեն կարող հանդիսանալ այս ծրագրի շահառու՝ անկախ ընտանիքում առկա երեխաների քանակից»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Կառավարությունն աջակցություն է նախատեսել հղի կանանց համար: Սոցիալական աջակցության 7-րդ ծրագրով նախատեսվում է 100.000 դրամի չափով մեկանգամյա օժանդակություն ցուցաբերել այն հղիներին, որոնք մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, և որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կամ չունի ամուսին: