Կայացվել է 42 միլիոն դրամի տուգանք, բայց տնտեսվարողներին անընդհատ տուգանելը ճիշտ չէ. ՏՄՊՊՀ նախագահ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի ընթացքում իրականացրել է 1 հակամրցակցային համաձայնություն, ավարտվել է 11 գերիշխող դիրքի չարաշահման և 40 անբարեխիղճ մրցակցության վարույթ, կայացվել է 42 միլիոն դրամի տուգանք: 14 միլիոն վճարվել է 2019 թվականին, իսկ 40 միլիոնի տուգանք տեղափոխվել և վճարվել է 2020 թվականին»:

Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ,  ներկայացնելով 2019 թվականի գործունեության արդյունքները, ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Մենք առաջարկել էինք տուգանքնրի չափանիշը 2020 թվականից այլևս չկիրառել, որովհետև կարծում ենք, որ ՏՄՊՊՀ-ի գործառույթների մեջ չպետք է մտնի անպայման պատասխանատվություն ենթարկելը, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու մեծ  տուգանքի համար պատասխանատվության մեծ միջոցներ ձեռնարկել, բայց մենք խնդիրը ձևակերպել ենք այսպես՝ փորձել կանխարգելիչ աշխատանք կատարել: Բոլոր տնտեսվարողներին տուգանելը կբերի տնտեսական խնդիրների, իսկ մենք հիմա աշխատանք  ենք տանում խնդիրները վերացնելու ուղղությամբ, որը, կարծես թե, ստացվում է»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին հարցին՝ ՏՄՊՊՀ ղեկավարը նշեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով ՊԵԿ-ից ստանում են տնտեսվարողների կողմից ապրանքների ձեռքբերման գները, և այսօր բոլոր ապրանքների շուկայում կան հարուցված գործեր:

«Բայց նախ՝ պետք է տնտեսվարողներին հրավիրենք, լսենք նրանց բացատրությունները, որից հետո նոր կարողանանք ապացուցել հակամենաշնորհային կամ գերիշխող դիրք: Ինչ վերաբերում է գների աճին, ապա մենք ունենք գների որոշակի բարձրացումներ, բայց այն աղաղակող փաստերը՝ թե կրկնակի են բարձրացել, նման փաստ գոյություն չունի»,- ասաց  Գեղամ Գևորգյանը:

Ապրանքների թանկացումները հիմնականում, ըստ տնտեսվարողների, կապված են արտարժույթի բարձրացման և ներմուծման թանկացումների հետ:

«Լավ լուր տամ. Էսօր բոլոր ապրանքների գները նվազել են: Գյուղատնտեսական ապրանքների մասով ասեմ, որ տեղական արտադրության բոլոր տեսակների գներն իջել են. Այսինքն՝ շուկան շնչում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս