«Եթե միտքը չշահարկեն, ապա այն քաղաքացիների նկատմամբ որևէ վիրավորանքի տարր չի պարունակում». Էկոնոմիկայի նախարարի խոսնակը՝ նախարարի հայտարարության մասին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված, երբ բեռնափոխադրող ընկերությունները կրում են բազմաթիվ վնասներ, ի՞նչ քայլեր է իրականացնում Կառավարությունը վնասը փոխհատուցելու համար։
Օրինակ՝ «Սպայկա» ընկերությունն էր նախօրեին 1,5 մլն դոլարի վնաս կրել՝ 40 բեռնատարով գյուղմթերքը մոտ 15 օր հայ-վրացական սաhմանին էր մնացել և փչացել։ Փոխնախարարը հարցին պատասխանեց, թե կոնկրետ այդ ընկերությանը չի անդրադառնա, բայց հասկանալի է, որ կորոնավիրուսի պատճառով Վրաստանի Հանրապետությունում ևս հայտարարված է կարանտին, որի հետևանքով՝ տեղաշարժի և բեռնափոխադրումների հետ կապված, կան որոշակի սահմանափակումներ:
«Բեռնափոխադրումներն իրականացվում են տարանցիկ Վրաստանի սահմանով, որն իրականացվում է միայն ուղեկցությամբ, դրա հետ կապված ուղեցույցը և կոնկրետ տեղեկատվությունը հրապարակված է Կառավարության կայքում: Այս պահի դրությամբ տրված է նաև պարզաբանում, թե ինչ եղանակով են Վրաստանում մեքենաները բաց թողնվում դեպի Լարս:
Մի քանի ժամը մեկ Վրաստանի մաքսային ծառայողները հավաքում են մեքենաները, մոտավորապես 30 մեքենա, և դրանք բաց թողնում: Ինչ վերաբերում է Վերին Լարսի խնդրին, ապա բոլորիս էլ հայտնի է, որ մարտ ամսին որոշակի դժվարություններ կային՝ կապված առատ ձյան հետ, և սահմանակետը փակ էր: Պետք է ուղղակի մեր բոլոր բեռնափոխադրող ընկերություններին խնդրենք, որպեսզի որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, մասնավորապես՝ Լարսի հետ կապված, թե՛ այս օրերին տեղի ունեցող համաճարակից կախված բոլոր միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում բոլոր տնտեսվարողների համար»,- շեշտեց Վարոս Սիմոնյանը:
Հարցին՝ այս պահին Հայաստանից արտահանում իրականացվո՞ւմ է, և բացի ԵԱՏՄ շուկա, այլ շուկաներ համագործակցության համար դիտարկվո՞ւմ են, Վարոս Սիմոնյանը պատասխանեց, որ արտահանում տեղի ունենում է, բացառապես՝ բժշկական սարքավորումների, որոնց արտահանումը ժամանակավորապես սահմանափակվել է:
«ԵԱՏՄ-ն հիմնական սպառման շուկան է, բայց մենք ունենք նաև երրորդ երկրների սպառման շուկա, որտեղ տնտեսվարողներն իրականացնում են իրենց արտահանումները: Այս ամենից զատ՝ քննարկվում է, թե արտահանման ինչպիսի այլընտրանքային շուկաներ կարելի է դիտարկել, Կառավարության ուշադրության կենտրոնում է, թե ինչպես կարելի է խրախուսել այդ այլընտրանքային շուկաներն ունենալու համար»,- ընդգծեց նա:
Իսկ ինչպես կմեկնաբանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը՝ եթե ոսպը թանկ է, ապա դրան փոխարինիչ պետք է գտնեն, Վարոս Սիմոնյանին ուղղված հարցին, նրա փոխարեն՝ պատասխանեց նախարարի խոսնակ Աննա Օհանյանը՝ շեշտելով, որ ցանկացած մեջբերում համատեքստից դուրս օգտագործելով՝ կարելի է բազմաթիվ իմաստներ հաղորդել.
«Եթե նախարաի միտքն ամբողջական լսեք, ապա կտեսնեք, որ բերված էր սպառողական վարքագծի իրավիճակային օրինակ, որը կարող է ազդել գների բարձրացման վրա, ի թիվս այլ արտաքին գործոնների, և այն բնավ չի բացառում Կառավարության գործողությունները խնդրի զսպման ուղղությամբ, այն քաղաքացիների նկատմամբ որևէ վիրավորանքի տարր չի պարունակում, եթե միտքը չշահարկեն: Ինչ վերաբերում է «փոխարինիչ» բառին, ապա բառի վերաբերյալ մասնագիտական մեկնաբանություն տվել է սննդաբան Դավիթ Պիպոյանը»,- նշեց Աննա Օհանյանը: