Բաժիններ՝

«Հեռավար կրթությունն ապագայի կրթությունն է՝ որքան շուտ նախապատրաստվենք և զարգացնենք ոլորտը մեզ մոտ, այնքան ապագայում ավելի շահեկան դիրք կունենանք աշխարհում».  ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչ

168.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը

Պարո՛ն Սարգսյան, կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարտի 20-ից Հայաստանում անցել են հեռավար ուսուցման, Հայաստանի կրթական համակարգը պատրա՞ստ էր դրան։

– Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք՝ հեռավար ուսուցում ասելով: Հեռավար ուսուցման վերաբերյալ կան տարբեր սահմանումներ: Սահմանումներից մեկով՝ հեռավար ուսուցումն ուսուցանողի և ուսուցանվողի փոխգործակցությունն է հեռավորության վրա, որի ժամանակ կիրառվում են կրթական գործընթացին բնորոշ բոլոր բաղադրիչները (նպատակները, խնդիրները, մեթոդները, կազմակերպական ձևերը, ուսուցման միջոցները), և այն իրականացվում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:  Ասել, որ մեր կրթական համակարգն ամբողջովին պատրաստ էր հեռավար ուսուցմանը, բնականաբար, ճիշտ չի լինի: Եվ պետք է տարանջատենք առցանց դասախոսությունը հեռավար ուսուցումից, քանի որ այն հեռավար ուսուցման ընդամենը մի բաղադրիչն է, բայց չի բնութագրում այն բոլոր մոդուլների համակարգը, որն իր մեջ ներառում է հեռավար ուսուցումը:

– Ի՞նչ դիտարկումներ ունեք հեռավար ուսուցման վերաբերյալ, արդյո՞ք այսօրվա վիճակով հեռավար ուսուցումը կարող է արդյունավետ լինել:

– Իմ կարծիքով՝ հեռավար ուսուցումը կարող է արդյունավետ լինել մի քանի պայմանների առկայության դեպքում՝ վերապատրաստված մասնագետների՝ թե՛ դասախոսական, թե՛ տեխնիկական, համապատասխան նյութատեխնիկական բազայի, ուսուցման ընթացքում ինտերակտիվ մեթոդների կիրառման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման և որակյալ թվային գրադարանների առկայության պարագայում: Անհրաժեշտ են նաև  որոշակի վերահսկողական մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապահովել կրթության պատշաճ մակարդակը: Կարծում եմ՝ հեռավար ուսուցումն առավել արդյունավետ է մագիստրատուրայում և երկրորդ բարձրագույն կրթություն ստացողների շրջանում: Այն պետք է զգուշորեն կիրառել հանրակրթական հաստատություններում և բակալավրիատի ցածր կուրսերում, որտեղ աշակերտ-ուսուցիչ կամ ուսանող-դասախոս անմիջական շփումը շատ կարևոր է և առանցքային:

– ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ինչպե՞ս եք կազմակերպում հեռավար ուսուցումը, ինչպե՞ս եք այն ավելի արդյունավետ դարձնում, և արդյո՞ք այն շատ է տարբերվում մյուս բուհերում իրականացվող հեռավար ուսուցման համակարգից:

– Ինչ վերաբերում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակին, ապա պետք է ասել, որ այն կենտրոնում տեղադրվել է դեռևս 2010 թվականին և այս տարիների ընթացքում թարմացվել է՝ թե՛ ծրագրային առումով, և թե՛ տեխնիկապես, այսինքն՝ մեծացվել են տեխնիկական հզորությունները: Հեռավար հարթակին ինտեգրվել է տեսակոնֆերանս համակարգ, որն ապահովում է առցանց դասախոսությունների իրականացումն ու ձայնագրումը: Կենտրոնում բազմիցս կազմակերպվել են դասախոսական և տեխնիկական անձնակազմերի վերապատրաստումներ: Տեղի են ունեցել վերապատրաստումներ արտասահմանյան բուհերի փորձագետների կողմից:

Կարծում եմ՝ տարբերությունը նաև կայանում է նրանում, որ, ի տարբերություն որոշ այլ բուհերի, մեր պարագայում հեռավար հարթակն օգտագործվում է ոչ միայն՝ նյութի փոխանակման նպատակով, այլև դասընթացները ստեղծվում են՝ ըստ որոշակի կառուցվածքի․ դրանք ներառում են տեսադասախոսություններ, հատուկ հանձնարարություններ և թեստեր, հարցումներ, նախագծեր, մասնակցության էլեկտրոնային մատյան, գրականության և բաշխիչ նյութերից ստեղծված տարաբնույթ պաշարներ, ստեղծվում են ինտերակտիվ նյութեր, որոնք թույլ են տալիս ուսանողին աստիճանաբար յուրացնել տեսական նյութը և կատարել որոշակի գործնական աշխատանքներ, իսկ կենդանի շփման բացը լրացվում է առցանց դասախոսությունների՝ վեբինարների կազմակերպմամբ: Հեռավար հարթակը հնարավորություն է տալիս մոնիտորինգի ենթարկել հարթակում իրականացվող ուսումնական գործընթացը, վերահսկել դասախոսությունների կազմակերպման որակը, ինչպես նաև կազմակերպել տարաբնույթ առցանց հարցումներ ուսանողների շրջանում։

– Առհասարակ հեռավար ուսուցում կազմակերպելիս Հայաստանն ուսումնասիրե՞լ է միջազգային փորձը, և այս առումով մենք ի՞նչ նորություն կարող ենք փոխանցել աշխարհին:

– Կարծում եմ՝ արտասահմանյան փորձի որոշ ուսումնասիրություններ եղել են, սակայն այժմ գլխավոր բացերից մեկը մնում է այս ոլորտի օրենսդրական և իրավական կարգավորումները, որը, հույս ունեմ, մոտ ապագայում կստանա իր լուծումը: Իհարկե, ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ հեռավար կրթության զարգացման գործում: Սակայն այս փոխգործակցությունն արդյունավետ կլինի այն պարագայում, երբ մեր երկրում կլինեն հստակ օրենսդրական կարգավորումներ՝ կապված հեռավար ուսուցման կազմակերպաիրավական խնդիրների կարգավորման հետ:

– Այս ընթացքում հեռավար ուսուցման հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվել դասախոսական կազմը և ուսանողները:

– Այս ոլորտում, ինչպես և ցանկացած ոլորտում, կան խնդիրներ, որոնք պահանջում են աստիճանական լուծումներ: Մասնավորապես` կարող եմ նշել մասնագետների պակասն այս ոլորտում, դասախոսական կազմի և ուսանողների որոշ մասը դժվարանում է օգտվել համակարգչից կամ տեխնիկական այլ սարքերից: Հեռավար դասընթաց կառուցելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, որոնք թույլ կտան դասախոսին ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան ինտերակտիվ դասընթացներ: Մյուս խնդիրը կապված է համացանցի հասանելիության և արագագործության հետ, քանի որ Հայաստանի ոչ բոլոր բնակավայրերում է առկա որակյալ ինտերնետ կապ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր չունեն համակարգիչ կամ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ վեբ-տեսախցիկ, բարձրախոս․ դա նույնպես խնդիր է:

– Մինչ այս պահը Գիտակրթական միջազգային կենտրոնը հեռավար ուսուցման փորձ ունեցե՞լ է և ինչպե՞ս է այն կազմակերպել:

– ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը 2014թ.  դեկտեմբեր ամսից իրականացնում է հեռավար լրացուցիչ կրթական ծրագրեր, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր կարողացել են հեռավար լրացուցիչ կրթություն ստանալ ԳԿՄԿ-ում: Ավելի քան 700 մեր հայրենակիցների Հայաստանից և արտերկրից հնարավորություն է ընձեռվել մասնակցելու տարբեր հեռավար դասընթացների: Նրանցից մոտ 250-ը հաղթահարել է սահմանված շեմը և ստացել համապատասխան հավաստագրեր: Հաջորդ քայլը հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումն էր, որը շարունակվում է մինչև այժմ: 2017թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված 3 տարվա թույլտվության շնորհիվ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կյանքի կոչվեց «Գործարար վարչարարություն (MBA)» մասնագիտությամբ համատեղ մագիստրոսական հեռավար կրթական ծրագիրը, որի տևողությունը 2.5 տարի է:

Ձեռք բերվեց հայտնի Verificient Technologies ընկերության Proctortrack ծրագրային փաթեթը և ինտեգրվեց հեռավար հարթակին, որը հնարավորություն է տալիս հեռավար թեստավորման ժամանակ ապահովել ուսանողի նույնականացումը, ինչպես նաև վերահսկել թեստավորման ընթացքը հնարավոր խախտումներից: Իսկ միջանկյալ և եզրափակիչ քննությունները, պրակտիկաները,  ինչպես նաև թեզի պաշտպանությունը որոշվեց իրականացնել առկա ձևաչափով: Գործարար վարչարարություն (MBA)» մասնագիտության գծով այս տարի ունեցանք առաջին շրանավարտները:

– Դուք ի՞նչ խորհուրդ կտաք հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

– Կարծում եմ՝ բոլոր ուսումնական հաստատությունները, ավանդական ուսուցմանը զուգահեռ, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հեռավար ուսուցմանը և իրենց հաստատություններում գործնական քայլեր ձեռնարկեն դրա զարգացման ուղղությամբ, քանի որ ներկայիս տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում այն գնալով մեծ տարածում է ստանում ողջ աշխարհում: Անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ, որոնք կսահմանեն և կբարելավեն այս ոլորտը: Ես կարծում եմ՝ հեռավար կրթությունն ապագայի կրթությունն է, և ինչքան շուտ նախապատրաստվենք և զարգացնենք այդ ոլորտը մեզ մոտ, այնքան ապագայում ավելի շահեկան դիրք կունենանք աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս