Բաժիններ՝

38 կազմակերպությունում ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել. Չեն պահպանվել պարետի ցուցումները. ԱԱՏՄ ղեկավար

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ մարտի 24-ից մինչև օրս մշտադիտարկում է իրականացվել պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում գործելու իրավունք ունեցող 257 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում: Պարետի ցուցումների խախտումներ է արձանագրել ԱԱՏՄ-ն,  և ըստ Ավագյանի՝ դրանք վերացվել են:

«Ժամանակ առ ժամանակ հայտնաբերված խախտումները ներակայացվում են պարետին, նրա որոշմամբ 6 ժամով այդ տնտեսվարողների գործունեությունը դադարեցվում է: Դրանից հետո ևս մեկ անգամ մշտադիտարկում է իրականացվում՝ տեսնելու՝ արդյոք շտկվե՞լ են այն խախտումները, որոնց պատճառով դադարեցվել էր գործունեությունը: 38 կազմակերպությունում, ներառյալ՝ իրենց մասնաճյուղերում, 6-ական ժամով դադարեցվել է գործունեությունը»:

Մինչև հասարակական տրանսպորտի գործունեության արգելումն ԱԱՏՄ-ն մշտադիտարկումներ անցկացրել է նաև այս ոլորտում:

«Ստուգվել է, թե տրանսպորտային կազմակերպություններում, մինչև ուղևորափոխադրումների իրականացումն ախտահանում արվո՞ւմ է, թե՞ ոչ: Մշտադիտարկում իրականացվել է 64 կազմակերպությունում, որոնցից 2-ում արձանագրվել է խախտում, տրված նախազգուշական նամակներից հետո՝ հաջորդ իսկ երթի ժամանակ, խախտումները վերացված են եղել»:

Հարցին, թե հատկապես ո՞ր խախտումների համար են տուգանվում տնտեսվարողները, Հակոբ Ավագյանը պատասխանեց.

«Այն տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցները, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդների հետ, պետք է ապահովված լինեն դիմակներով և օրը 2 անգամ ջերմաչափվեն: Սանիտարահիգիենիկ կանոնները պետք է պահպանված լինեն, այսինքն՝ ծորակով մշտական ջուր պետք է լինի՝ լվացվելու համար, հանդերձարաններ: Առաջին երեք խախտումների արձանագրման դեպքում առաջարկ է ներկայացվում պարետատուն, որ դադարեցվի աշխատանքը 6 ժամով: Խախտումներ արձանագրել ենք բոլորիս հայտնի 5 սուպերմարկետներում, որոնք վերացվել են»:

Հակոբ Ավագյանը նաև նշեց, որ 100-ից ավելի իրազեկման միջոցառումներ են իրականացրել, որոնցից վերջինի ժամանակ խանութներին տրամադրվել են տպված ուղեցույցեր, որոնք պետք է փակցված լինեն խանութներում: Իսկ ինչպե՞ս է ԱԱՏՄ-ն ստուգում՝ ջերմաչափում իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ, դիմակները քանի՞ անգամ են փոխվում:

«Ջերմաչափման համար մոդել է ներդրված, աշխատողները պետք է հաշվառվեն մատյաններում, որտեղ գրված կլինի, թե ո՞ր ժամին է կատարվել ջերմաչափումը, և յուրաքանչյուր աշխատող ի՞նչ ցուցիչ է ունեցել: Ձեռնոցների հետ կապված՝ ասեմ, որ կախված է նրանից, թե մշտադիտարկման պահին ի՞նչ ենք արձանագրում: Լինում է, որ սուպերմարկետներում մեր այցի պահին երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին, ակնհայտ է, որ այդ դիմակը մեկ ժամից ավելի չի կարող կրել աշխատողը, քանի որ այնպիսի նյութով է, որ չի կարող շնչել: Քանի դեռ ստանդարտ չունենք շնչադիմակի, այն գոնե շնչելու հնարավորություն պետք է տա»,- ասաց Ավագյանը:

Խանութներում սայլակների և զամբյուղների ախտահանմանը ևս հետևում է ԱԱՏՄ-ն: Հակոբ Ավագյանը պատմեց, որ հաճախ իրենց աշխատակիցները սպասում են այնքան, մինչև տեսնեն, թե սայլակը կամ զամբյուղը մեկ օգտագործումից հետո ի՞նչ ախտահանում է անցնում: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իրենք ահազանգեր են ստանում, որ խանութներում ախտահանում են կասկածելի հոտ ունեցող նյութերով, Ավագյանն արձագանքեց.

«Մենք նման խախտում չենք արձանագրել, այն խանութները, որոնք մեկ անգամ արդեն փակվել են մեր կողմից, անգամ առանձին աշխատակից են կանգնեցնում մուտքի մոտ ախտահանումն իրականացնելու համար՝ էթիլային սպիրտով»: Հակոբ Ավագյանն առաջարկեց նման բաներ նկատելու դեպքում զանգել թեժ գիծ՝ 81-07 համարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս