Բաժիններ՝

2020թ. տնտեսական էական կորուստներ լինելու են. Էկոնոմիկայի նախարար

Մարտ ամսվա տնտեսական կորուստների չափերը հասկանալու համար Էկոնոմիկայի նախարարությունը հարցումներ է  կատարել մասնավոր հատվածում եղած այն կազմակերպությունների շրջանում, որոնք  մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանափակել էին իրենց տնտեսական գործունեության ծավալները: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ թվով ավելի քան 1.200 կազմակերպության հետ արված հարցումները ցույց են տվել, որ մարտ ամսվա համար զգալի են կրճատման  ծավալները։

Ամբողջ տարվա համար նախատեսվող կորուստների թվի մասին էկոնոմիկայի նախարարն ասաց, թե դեռ վաղ է խոսել ու գնահատականներ տալ, բայց «բնական է, որ կորուստները լինելու են էական»:

«Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալու համար, որովհետև կախված է այն հանգամանքից, թե մենք որքանով արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները կամ, համապատասխանաբար, որքանով արագ կարող ենք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայում սահմանափակված են»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ այն պահից սկսած, երբ հանրության համաձայնությամբ իշխանությունը կգա այն եզրակացության, որ արդեն կարող են աստիճանաբար հնարավորություն ստեղծել, որ կազմակերպությունները վերադառնան իրենց բնականոն տնտեսական կյանքին, կառավարությունը նախատեսում է գործարկել  նաև նոր աջակցության եղանակներ:

Տնտեսական կորուստների մասին խոսելիս նախարարը հորդորեց նաև՝   ստեղծված իրավիճակում մարդկանց մտահոգության հիմնական հարցը լինի, որ մեր հանրությունը հնարավորինս քիչ առողջական վնասներ կրի:

«2020-ն այն տարին է, որ, իմ կարծիքով, մենք պետք է զգույշ լինենք, որ քիչ տնտեսական վնասներ ունենանք, բայց պետք է նաև ընդունենք այն միտքը, որ առանց էական կորուստների չի լինելու»,- հավելեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս